Օսկանյանը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասաց արտգործնախարարության խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, հոկտեմբերի 3-ին ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 61-րդ նստաշրջանում:

Նույն օրը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում նախատեսված է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ելույթը:

Ըստ Մամեդյարովի, հոկտեմբերի 3-ին նախատեսված է նաեւ «ՎՈՒԱՄ-Հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպության» անդամ երկրների տարածքում «սառեցված հակամարտությունների» հարցի քննարկումը:

Կարապետյանը նաեւ հաստատեց, որ նախարար Օսկանյանը մեկնել է Բելգիա` մասնակցելու «Պողոսյան հիմնադրամ»-ի կողմից Բրյուսելի դիվանագիտական թաղամասում Villa Empain պալատի վերականգնողական աշխատանքների մեկնարկի հանդիսավոր արարողությանը:


Կարինե Քալանթարյան