Զուբկովը չի բացառել իր մասնակցությունը նախագահական ընտրություններին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Վիկտոր Զուբկովը չի բացառել իր մասնակցությունը առաջիկա նախագահական ընտրություններին:

«Եթե ես ինչ֊-որ բանի հասնեմ այս պաշտոնում, չեմ բացառում այդ սցենարը»,֊ - այսօր լրագրողներին ասել է նա:

«Ասոշիեյթեդ փրես»-֊ը փաստում է, որ Զուբկովի այս հայտարարությունը ավելի է խորացրել այն անորոշությունը, որը ստեղծվել է Պուտինի կողմից Զուբկովին առաջադրելուց հետո:

Ռուսաստանցիները սպասում էին, որ Պուտինը ավելի ուշ՝ դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններից անմիջապես առաջ կանվանի իր նախընտրած ժառանգորդին` միգուցե նշանակելով նրան վարչապետ: Ամենահավանական թեկնածուներն էին համարվում փոխվարչապետներ Սերգեյ Իվանովը եւ Դմիտրի Մեդվեդեւը:

Զուբկովը շաբաթ օրը դառնալու է 66 տարեկան: Հաշվի առնելով նրա տարիքը եւ փակվածությունը, վերլուծաբանները պնդում են, թե քիչ հավանական է, որ հենց նա է Պուտինի ընտրյալը: Նրանք կանխատեսում են, որ նախագահական ընտրություններից առաջ Զուբկովը կպաշտոնազրկվի:

«Զուբկովը 65 տարեկան է: Եթե նա դառնա Պուտինի ժառանգորդը, դա կտեւի ընդամենը մի ժամկետ: Իսկ հետո Պուտինը կասի՝ «Ես պատրաստ եմ վերադառնալ»,֊ - կանխատեսել է կոմունիստ Վիկտոր Իլյուխինը:

Կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովն այսօր հայտարարել է, որ իրենց խմբակցությունը Պետդումայում վաղը կայանալիք քվեարկության ժամանակ մերժելու է Զուբկովի թեկնածությունը: Սակայն կոմունիստները ունեն ընդամենը 50 ձայն, իսկ պարզ մեծամասնություն ապահովելու համար անհրաժեշտ է 226 ձայն, մինչդեռ միայն «Եդինայա Ռոսիա»-֊ն մոտ 300 քվե ունի: