Արգենտինայում կհեռարձակվի ամենշաբաթյա «Սիրելի Հայաստան» հեռուստածրագիրը

Անցած ուրբաթ արգենտինյան հեռուստատեսության 13-րդ ալիքով կայացել է «Սիրելի Հայաստան» ծրագրի անդրանիկ թողարկումը:

Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ օժանդակությամբ պատրաստվող հաղորդման առաջին թողարկումը, ինչպես երկուշաբթի օրը տեղեկացրել է արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը, բացվել է Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ողջույնի խոսքով:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հայ մշակույթին, հնչել են հայկական երգեր արգենտինահայ երգիչ Խ. Չիպյանի կատարմամբ:

«Սիրելի Հայաստան» հաղորդաշարը հեռարձակվելու է ամեն ուրբաթ, առավոտյան 9.30-ին:

Արգենտինայում բնակվող ազգային մյուս փոքրամասնություններից միայն հրեական ու արաբական համայնքներին էր մինչ այժմ ընձեռնվել ազգային հեռուստաժամի թողարկման հնարավորությունը: