Ավստրիա՞, թե՞ Ավստրալիա... OPEC, թե՞ APEC

«Ռոյթերզ» լրատվական գործակալությունը Սիդնեյից հաղորդում է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի հերթական լեզվական վրիպակների մասին:

Սիդնեյի Օպերայի շենքում կայացած հավաքի ժամանակ դիմելով Ավստրալիայի վարչապետ Ջոն Հովարդին` ԱՄՆ-ի նախագահը շնորհակալություն է հայտնել «OPEC-ի գագաթնաժողովը այսպես լավ նախագահելու համար»` ակնհայտորեն շփոթելով APEC-ը` Ասիայի եւ Խաղաղ օվկիանոսի տնտեսական համագործակցությունը, OPEC-ի` Նավթ արտահանող երկրների կազմակերպության հետ:

Երբ հավաքին ներկա հարյուրավոր հյուրերը սկսել են բարձրաձայն ծիծաղել, Բուշը փորձել է ինքն իրեն ուղղել եւ կատակով ասել է. - «Նա ինձ հրավիրել է OPEC-ի գագաթնաժողովին հաջորդ տարի»:

«Ռոյթերզ»-ը նշում է, որ Ավստրալիան երբեւէ չի եղել OPEC-ի անդամ:

Տվյալ կազմակերպության անդամ չէ նաեւ Միացյալ Նահանգները:

Ավելի ուշ Բուշը նաեւ ասել է, որ հիշում է, թե ինչպես է «Հովարդն այցելել Իրաքում տեղակայված ավստրիացի զինծառայողներին»:

«Ռոյթերզ»-ը այդ կապակցությամբ ընդգծում է, որ Ավստրիան Իրաքում չունի եւ ոչ մի ստորաբաժանում: Իրաքում տեղակայված է շուրջ 1500 ավստրալացի զինվոր:

Թեեւ ԱՄՆ-ի նախագահի ելույթին հետեւել են ջերմ ծափահարությունները, այդուհանդերձ, ինչպես «Ռոյթերզ»-ն է հայտնում, ելույթից հետո Բուշը ակնհայտորեն շփոթված տեսք ուներ եւ դահլիճից հեռանալու համար սխալ ուղղություն է վերցրել` ի վերջո կողմնորոշվելով միայն Ավստրալիայի վարչապետի օգնությամբ:

Գործակալությունը նշում է, որ նախկինում էլ Բուշի ելույթներում եղել են լեզվական բազում ծիծաղաշարժ վրիպակներ:


Արմեն Քոլոյան, Պրահա