Սեպտեմբերի 15-ին Բաքվում Գաբալայի կայանի հարցով եռակողմ խորհրդակցություն կկայանա

Ադրբեջանի Գաբալայի ռադարային կայանը Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից համատեղ օգտագործելու հարցը
քննարկելու համար սեպտեմբերի 15-ին Բաքվում խորհրդակցություն են անցկացնելու Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի փորձագետները: Այդ մասին Բրյուսելում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Նշելով, թե իրենց համար կարեւոր է իմանալ ռուսաստանցի եւ ամերիկացի փորձագետների կարծիքները` նախարարն ասել է, թե ամենայն հավանակությամբ` եռակողմ խումբը այցելություն կկատարի Գաբալայի կայան, տեղում կծանոթանա կայանի հնարավորություններին, եւ քննարկումները կշարունակվեն:

«Մենք նրանց տեղեկացրել ենք, որ Գաբալայի ռադարային կայանը Ադրբեջանի սեփականությունն է, եւ բանակցությունները, առաջին հերթին, պետք է ընթանան Ադրբեջանում», - ասել է Մամեդյարովը:

Հուլիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ամերիկացի գործընկեր Ջորջ Բուշին առաջարկեց համատեղ օգտագործել Գաբալայի կայանը, ինչպես նաեւ Արմավիրում կառուցվող ռուսաստանյան նոր կայանը` փոխարենը առաջարկելով Միացյալ Նահանգներին հրաժարվել Չեխիայում եւ Լեհաստանում հակահրթիռային պաշտպանության համակարգի տարրեր տեղակայելու ծրագրից:

ԱՄՆ-ը, սակայն, չհրաժարվեց Արեւելյան Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգ տեղակայելու ծրագրից եւ միաժամանակ պատրաստակամություն հայտնեց քննարկել Գաբալայի կայանը համատեղ օգտագործելու Ռուսաստանի առաջարկը:

Ռուսաստանը Գաբալայի ռադիոլոկացիան կայանը վարձակալում է 2002 թվականից. վարձակալության պայմանագիրը ստորագրվել է 10 տարի ժամկետով:


Հրաչ Մելքումյան, Պրահա