Իրանում կախաղան են հանել 17 մաքսանենգի

Իրանի հյուսիս-արեւելքում գտնվող Խորասան Ռազավի գավառում այսօր վաղ առավոտյան ի կատար է ածվել խմբակային մահապատիժ. դահիճները հրապարակավ կախաղան են բարձրացրել թմրադեղի մաքսանենգության մեղադրանքով մահվան դատապարտված 17 հանցագործի: Այդ մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Իրանի պետական հեռուստատեսության հաղորդագրությունը:

«Ասոշիեյթեդ փրես»-ը նշում է, որ Թուրքմենստանի եւ Աֆղանստանի սահմաններից ոչ հեռու գտնվող այդ գավառը համարվում է հերոինի մաքսանենգության խոշոր աղբյուր:

Հուլիսին եւ օգոստոսին Իրանում կախաղան են բարձրացվել բռնաբարության, ավազակության, մարդկանց առեւանգման եւ թմրադեղի մաքսանենգության մեջ մեղադրված 21 հանցագործներ:

Իրանում նշված մեղադրանքները, ինչպես նաեւ աստվածանարգությունը մահապատիժ են ենթադրում:


Արմեն Քոլոյան, Պրահա