ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում քննարկվելու է Վրաստանի տարածքի ռմբահարման հարցը

Սեպտեմբերի 6-ին Վիեննայում` ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի նիստում, քննարկվելու է Վրաստանի տարածքի ռմբահարման հարցը: Այդ մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն:

Բուրջանաձեն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ-ի գործող նախագահ Միգել Անխել Մորատինոսի հետ, ով ժամանել է Վրաստան` այդ միջադեպի հանգամանքներին տեղում ծանոթանալու համար:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Վրաստանի խորհրդարանի նախագահի ու ԵԱՀԿ-ի գործող նախագահի հանդիպումը տեւել է մեկ ժամ 10 րոպե` նախատեսվածից ավելի:

Հանդիպումից հետո Նինո Բուրջանաձեն ասել է. - «Մեզ համար ամենակարեւորն այն է, որ մշտական խորհուրդը լսի միջազգային փորձագետներին եւ եզրակացության հանգի վրացական գյուղի ռմբահարման ու Վրաստանի դեմ Ռուսաստանի գործողությունների հարցով»:

Նա հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Վրաստանին` հարեւան երկրից պահանջելով ապագայում կանխել նման միջադեպերը:


Հրաչ Մելքումյան, Պրահա