Մամուլի տեսություն

Հիշեցնելով, որ այսօր Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 17-րդ տարեդարձն է, «168 ժամ» թերթի խմբագրականը գնահատել է. - «Փաստորեն, հենց այդ հռչակագրով հիմք դրվեց Հայաստանի անկախ հանրապետությանը, եւ այդ փաստաթղթում ամրագրվեցին բոլոր այն հիմնարար սկզբունքները, որոնցով առ այսօր առաջնորդվում է, կամ, ըստ Սահմանադրության, պիտի առաջնորդվի Հայաստանը»։ «Բայց, որքան էլ տարօրինակ է՝ այսօր, համենայնդեպս պետական մակարդակով, որեւէ միջոցառում նախատեսված չէ։ Իշխանություններն ավելի լուրջ գործով են զբաղված. նախապատրաստվում են «նոր իրողություններին», - հեգնել է թերթն ու հավելել. - «Թերեւս ուրիշ պատճառ էլ կա՝ Անկախության հռչակագիրն այսօրվա իշխանությունները «ծյունինգ» չեն արել, հետեւաբար՝ կարող են եւ չտոնել դրա ընդունման տարեդարձը»։

«Հայկական ժամանակ»-ի գլխավոր խմբագիրը հայաստանյան իրողությունները լուսաբանելով` անդրադարձել է կոռուպցիայի շարժառիթներին. - «Ոչ միայն կաշառվելը, այլեւ կաշառելը փչացածության որոշակի մակարդակ է ենթադրում, դեգրադացիայի որոշակի աստիճան։ Իսկ եթե այդ աստիճանը հասել է իշխանության ամենավերին օղակներ, այստեղ արդեն պրոբլեմը շատ ավելի է բարդանում։ Նրանք հասկացել են, որ Հայաստանում պետք չէ մարդկանց վերաբերվել որպես քաղաքացու, այլ պետք է վերաբերվել որպես ապրանքի, որ հեշտությամբ կարելի է գնել եւ վաճառել։ Եվ Հայաստանն էլ այդ խաղի կանոնը ընդունել է. դժվար թե նման խաղի կանոնների դեմ բան ունենար այն հանրությունը, որ ամեն օր տալիք-առնելիքի մեջ է։ Եվ ահա, այս պայմաններում Հայաստանում շատերը զբաղված են սեփական ապրանքային տեսքի պահպանմամբ կամ ձեռք բերմամբ եւ սպասում են գնվելու իրենց հերթին. մեկը դա անում է ընդդիմադիր գործունեությամբ, մյուսը ավելի շուստրի ձեւեր է մտածում, բայց սրանից խնդրի էությունը չի փոխվում»։

«Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիրը, անդրադառնալով քաղաքական համակարգի զարգացումներին, գնահատել է. - «Կուսակցությունների խոշորացումը չի կարող չհանգեցնել երկրում քաղաքական մթնոլորտի որոշակի առողջացման։ «Խոշորները», օրինակ, դժվար թե սկսեն մարդ-կուսակցությունների պես արդեն այսօր հայտարարել, որ եթե ընդդիմությունը միասնական թեկնածու չունենա, ապա պետք է բոյկոտել 2008 թվականի նախագահական ընտրությունները։ Թե ինչո՞ւ բոյկոտել, ի՞նչ վատ բան է արել իշխանությունը վերջին ժամանակներս, որ պետք է բոյկոտել ընտրությունները, մեղավո՞ր է արդյոք նա, որ մի քանի ինքնասիրահարված պինգվիններ չեն կարողանում պայմանավորվել, չի նշվում։ Թեպետ, այդչափ կարեւո՞ր են արդյոք հիմնավորումները»։

Իր հերթին, «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիրը, տվյալ թեման կոնկրետացնելով Ռամկավար ազատական կուսակցությանը Ալբերտ Բազեյանի եւ Սամվել Բաբայանի կուսակցությունների հնարավոր միավորման օրինակով, շեշտադրել է. - «Պատկերացնու՞մ եք՝ ճակատագրի ինչպիսի խաղ. ղարաբաղյան պատերազմի երկու հերոս հրամանատարները՝ ռամկավար։ Հիմա արդեն վերջնականապես բացահայտվեց նրանց իրական կերպարը. այսուհետ Ալբերտ Բազեյանը կարող է ընդդիմությանը հանգիստ քլնգել, Սամվել Բաբայանն էլ կարող է անթաքույց ընկերություն անել իր «զեմլյակների» հետ եւ ընդդիմադիրի կեղծ դիմակը մի կողմ շպրտել։ Մյուս կողմից՝ այս մետամորֆոզն արտացոլում է մեր երկրի ու հասարակության ողջ ողբերգությունը՝ առնետավազքի, դիմագիծ փոխելու, մի կուսակցությունից մյուսը թռչելու, ոչ մի կերպ սեփական տեղը քաղաքական դաշտում չգտնելու գործելակերպով հանդերձ»։

Թիվ 15 ընտրատարածքի կազմում գտնվող Արմավիրի մարզի Արաքս համայնքի գյուղապետ Ռուբեն Կարապետյանը «Հայոց Աշխարհ»-ին պատմել է, թե օրերս «Ժառանգության» քարոզիչները` պատգամավոր Անահիտ Բախշյանի ղեկավարությամբ, կոչ են արել գյուղացիներին չմուծել հարկերը: «Իմ ղեկավարած համայնքի բնակիչները տեղեկացրին, որ այդ քարոզիչները իրենց հայտնել են, թե հողի հարկը փոխհատուցվում է պետական բյուջեից, մինչդեռ համայնքապետերն ու գյուղապետերը խաբում են գյուղացուն եւ հանիրավի գումարներ կորզում», - թերթին փոխանցել է գյուղապետը:

«Առավոտ» թերթի թղթակիցը, իր հերթին պնդելով, որ թիվ 15 ընտրատարածքում օգոստոսի 26-ին կայանալիք պատգամավորի ընտրությունից առաջ թե փող է բաժանվում եւ թե անձնագրեր են հավաքվում, մասնավորեցրել է. - «Հիմնական թեկնածուների՝ Խաչիկ Մանուկյանի եւ Մնացական Մնացականյանի նախընտրական շտաբներում ամենեւին էլ չզարմացանք, երբ աշխատակիցները հերքեցին, որ անձնագիր են հավաքում կամ մարդկանց ընտրակաշառք են բաժանում: Չզարմացանք նաեւ, երբ յուրաքանչյուր շտաբ իր մրցակցին համարեց անձնագրեր հավաքող եւ ընտրակաշառք բաժանող: Բա հո չէի՞ն ասելու, որ իրենք են ապօրինություններ անում»: «Իրենք չասացին, բայց մեզ հանդիպած ընտրողները, ճիշտ է՝ անունները չհրապարակելու պայմանով, բայց ասում էին, որ իրենց համար այս տարին ինչ-որ չափով նաեւ հաջող էր», - գրել է թղթակիցն ու փոխանցել Գետաշեն գյուղի բնակիչներից մեկի հետեւյալ խոսքը. - «Տալիս են, փողից-բանից, թող տան, ինչի՞ չվերցնեմ»։


Ատոմ Մարգարյան