Զարուհի Փոստանջյան. «Թռուցիկների առգրավումը ապօրինություն է»

Շաբաթ օրը չորրորդ համահայկական խաղերի բացման արարողության ժամանակ Հանրապետական մարզադաշտի մոտ թռուցիկներ բաժանողները թույլ չեն տվել որեւէ գործողություն, որը ուղղված լիներ միջոցառման անցկացմանը խոչընդոտելուն: Այդ մասին հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը` այսօր կայացած ասուլիսի ժամանակ մեկնաբանելով Ոստիկանության լրատվության վարչության պետի խոսքերը, թե թռուցիկներ բաժանողները ոստիկանության բաժանմունք են տարվել «Համահայկական խաղերի բացման մասնակիցների անվտանգության ապահովման նկատառումներով»:

Զուտ իրավական տեսանկյունից` «Ժառանգություն» կուսակցությունից Ազգային ժողովի պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը թռուցիկների առգրավումը եւ ընդհանրապես դրանց բաժանումը կանխելը գնահատում է որպես «ապօրինություն»:

«Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ տեղեկություններ, տարածել տեղեկություններ եւ կարծիք արտահայտել», - ասաց Փոստանջյանը: - «Կարծում եմ, հենց այնպես չէ, որ մենք այսօր կարծիքը պաշտպանելու համար ստեղծել ենք «Քաղբանտարկյալների պաշտպանության նախաձեռնող խումբ»: Այսինքն, այս անձինք իրենց կարծիքները տարածելու, կարծիքները փոխանցելու, տեղեկություն տարածելու համար են այսօր հայտնվել բանտախցերում: Եվ այս կարծիքները չպաշտպանելը եւ իրենց չպաշտպանելը նույնպես այսօր նշանակում է ոտնահարել մեր այդ իրավունքի իրացումը»:

Պատգամավորի կարծիքով, «զուտ իրավաբանորեն, այո, սա ե’ւ Սահմանադրության, ե’ւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է»:

Արթուր Սաքունցի խոսքերով, շաբաթ օրը տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տալիս, որ Հայաստանում արդեն պաշտպանության կարիք ունեն իրավապաշտպանները. - «Այսինքն, մենք արդեն ստիպված ենք նաեւ մտածել քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների պաշտպանության խնդիրների շուրջ»:

Համահայկական խաղերի ընթացքում Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին թռուցիկների բաժանումը, ըստ ասուլիսի մասնակիցների, հստակ նպատակ ուներ` տեղյակ պահել շատ հաճախ ընդամենը մի քանի օրով Հայաստան այցելող եւ իրականությանն անտեղյակ սփյուռքահայեր երիտասարդներին երկրում կատարվող իրադարձությունների մասին:

Քաղբանտարկյալների պաշտպանության նախաձեռնող խումբը շարունակելու է պայքարը եւ արդեն Համահայկական խաղերի փակմանը պատրաստվում է նույնպես բաժանել թռուցիկներ` «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի, «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար անդամներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի, Հայաստանի նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման նախաձեռնող Ալեքսանդր Արզումանյանի պաշտպանությանը միանալու կոչով:


Աննա Սաղաբալյան