Երեխան վայր է ընկել 7-րդ հարկից եւ կենդանի է մնացել

Ռուսաստանյան Կրասնոյարսկ քաղաքի Սովետսկի շրջանում մի երեք տարեկան երեխա վայր է ընկել 7-րդ հարկից: Երեխան, բարեբախտաբար, չի զոհվել: Նա բազմաթիվ կոտրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժին:

Ենթադրվում է, որ պատահարը տեղի է ունեցել երեխայի ծնողների ակնհայտ անփութության հետեւանքով: Առավոտյան արթնանալով` հայրը չի գտել երեխային: Նկատելով, որ խոհանոցի պատուհանը բաց է՝ նա դուրս է նայել եւ տեսել է երեխային՝ ընկած առաջին հարկի հարեւանությամբ գտնվող ավտոտնակի տանիքի վրա:

«Տղան թռչելով 6 հարկ է անցել եւ հրաշքով չի զոհվել: Դեպքի հանգամանքները այժմ հետաքննում է Սովետսկի շրջանի դատախազությունը», - «Ինտերֆաքս» գործակալությանը ասել է Կրասնոյարսկի երկրամասի ներքին գործերի բաժանմունքի մամուլի կենտրոնի ներկայացուցիչը:


Արմեն Քոլոյան, Պրահա