Սպիտակ տունը հրաժարվեց Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում դեսպան նշանակելու մտադրությունից

Սպիտակ տունը հրաժարվել է դիվանագետ Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մտադրությունից: Այդ մասին անցած շաբաթավերջին հաղորդել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

«Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը նշում է, որ Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսին վաղաժամ հետ էին կանչել` իր ելույթներից մեկում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակելու համար:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը առաջարկել էր նախագահ Ջորջ Բուշը: Դեմոկրատները առարկել էին, քանի որ Հոգլանդը հրաժարվել էր 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածը ցեղասպանություն անվանել, ինչը հարուցել էր ամերիկահայերի վրդովմունքը:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների կեսից ավելին, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի ավելի քան վեց տասնյակ անդամներ մտահոգություն էին հայտնել Հոգլանդի առաջադրման եւ Էվանսի հետկանչի առիթով:

Ինքը Հոգլանդը մի քանի առիթներով նշել է, թե չի ժխտում 1915 թվականի ողբերգության փաստը, սակայն մտադիր չէ շեղվել պաշտոնական Վաշինգտոնի որդեգրած դիրքորոշումից:

Պաշտոնական Վաշինգտոնը «ցեղասպանություն» տերմինը չի կիրառում 1915 թվականի իրադարձություններին վերաբերող հայտարարություններում` պարզաբանելով, թե Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը եւ նույնիսկ քննարկումը կարող է վնաս հասցնել երկու դաշնակիցների` ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերություններին:

Դեմոկրատական կուսակցությունից սենատոր Ռոբերտ Մենենդեսը երկու անգամ արգելափակել էր Հոգլանդի թեկնածության հաստատումը Կոնգրեսի վերին պալատում: Առաջին անգամ նա դա արել էր անցած տարվա սեպտեմբերի 12-ին: Դրանից հետո, երբ ավարտվել էր Սենատի 109-րդ գումարման լիազորությունների ժամկետը, նախագահը կարող էր 110-րդ գումարմանը առաջադրել նոր թեկնածու, սակայն նա վերստին Հոգլանդի անունն էր տվել, եւ Մենենդեսը այս տարվա հունվարի 12-ին երկրորդ անգամ էր արգելափակել թեկնածության հաստատումը:

«Ասոշիեյթեդ փրես»-ը վկայակոչել է կոնգրեսական Ադամ Շիֆին, ով ասել է, թե ողջունում է Հոգլանդի թեկնածությունից հրաժարվելու` Բուշի վարչակազմի որոշումը:

Գործակալությունը մեջբերել է նաեւ Ռոբերտ Մենենդեսի հետեւյալ խոսքերը. - «Ցեղասպանությունը ճանաչելու համար Էվանսին պաշտոնից ազատելով` Բուշի վարչակազմը վատ ծառայություն է մատուցել հայ ժողովրդին եւ ամերիկահայերին: Ակնհայտ էր, որ Հոգլանդի թեկնածությունը վիճահարույց է: Հուսով եմ, որ հաջորդ թեկնածուն այս հարցում կցուցաբերի այլ ընկալում եւ կնպաստի Հայաստանում մեր բարեկամների հետ արդյունավետ հարաբերություններին»:


Արմեն Քոլոյան, Պրահա