ՎԶԵԲ-ը եւ Citigroup-ը տրամադրում են առաջին սինդիկացված վարկը Հայաստանում

ACBA-Credit Agricole բանկը առաջին անգամ Հայաստանում այսօր ստորագրեց սինդիկացված վարկի պայմանագիր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ աշխարհում խոշորագույն բանկային խմբերից մեկի` Citigroup-ի հետ: Վարկի չափը 12 մլն ԱՄՆ դոլար է, որ նախկինում կնքված պայմանագրերի համեմատ բավական խոշոր գումար է. 6 միլիոնը տրամադրել է ՎԶԵԲ-ը, 6 միլիոնը` Citigroup-ը:

Վարկային միջոցները տրամադրվելու են մանր եւ միջին բիզնեսին` արդեն սկսած հաջորդ շաբաթվանից: Այն պայմանները, որով ACBA-Credit Agricole ստացել է վարկը, կոմերցիոն գաղտնիք է, տրամադրվելիք վարկերի պայմաններն էլ առայժմ չեն հստակեցվել:

ACBA-Credit Agricole-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը վստահեցրեց, որ այս վարկային ծրագիրը հնարավորություն կտա բանկին նվազեցնել տոկոսադրույքները. նախկինում բանկը մանր եւ միջին բիզնեսը վարկավորում էր տարեկան 16-22 տոկոսով մինչեւ 3, որոշ դեպքերում` մինչեւ 5 տարի ժամկետով:

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչ Մայքլ Վայնստայնը գործարքը «պատմական» որակեց Հայաստանի համար, քանի որ առաջին անգամն է, որ հայաստանյան բանկը միջազգային շուկա է մտնում ոչ թե մասնավորապես ՎԶԵԲ-ից ներդրման միջոցով, այլ աշխարհի առաջատար բանկերից մեկի հետ համատեղ վարկավորման ծրագրի միջոցով:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ընտրվել հատկապես ACBA-Credit Agricole-ը, Վայնստայնը ասաց, որ հաշվի են առնվել ամենատարբեր չափանիշներ` բանկի մասնագետների որակավորումից մինչեւ բանկի ներկայիս գործունեությունը, վարկային պորտֆելի վիճակը:

Հայաստանում այսօր ՎԶԵԲ-ի վարկային պորտֆելը, այսինքն` այս պահին գործող վարկային ծրագրերը, ըստ բանկի ներկայացուցիչ Մայքլ Վայնստայնի, գերազանցում են 100 մլն դոլարը: Մինչեւ այժմ բանկը Հայաստանում տրամադրել է 180 մլն դոլարի վարկեր. վարկերի կեսը կազմում են ֆինանսական սեկտորը, մյուս կեսը բիզնեսի վարկավորումն է: Եվրոպական բանկը գոհ է թե’ մեկից, թե’ մյուսից:

«Պետք է հաշվի առնել նաեւ Հայաստանի տնտեսական աճը», - ասաց ՎԶԵԲ-ի ներկայացուցիչը: - «Երբ տնտեսությունը վերելք է ապրում, մեծանում է փողի, վարկերի պահանջարկը: Եթե հնարավոր լիներ այժմ ցուցադրել մեր գրաֆիկները, կտեսնեիք, որ մեր վարկային ծրագրերը Հայաստանում աճել են շատ կտրուկ»:

«Հայաստանը, որ ժամանակին մեզ համար փոքր գրասենյակ էր ընդամենը, հիմա նոր փայլով է մեզ համար փայլել», - հավելեց Վայնստայնը: - «Ընդհանուր առմամբ, մեծացել է մեր հետաքրքրությունը Հայաստանի եւ ընդհանրապես տարածաշրջանի հանդեպ: Հույս ունենք, որ մեր համագործակցությունը կշարունակվի եւ կընդլայնվի»:


Աննա Սաղաբալյան