Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի հաղորդագրությունը

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը թարմացնում է պայմանագիրը հայաստանյան մասնավոր կայանի հետ: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հեռարձակումները դեռեւս կարող են դուրս մնալ Հանրային ռադիոյի եթերից:

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհուրդը թարմացրել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հեռարձակումն ապահովող պայմանագիրը մայրաքաղաք Երեւանում գտնվող մասնավոր ռադիոցանցով:

Միջմայրցամաքային «Ար ռադիո»-ի հետ պայմանագիրը ուժի մեջ է 2007 թվականի օգոստոսի 15-ից մինչեւ 2008 թվականի սեպտեմբերի 14-ը: Ցանցը ունի 23 հաղորդակ, որոնք ծածկում են Երեւանն ու մի շարք հեռավոր շրջաններ:

«Մենք գոհ ենք, որ բազմաթիվ հայ ունկնդիրները հնարավորություն կունենան այսուհետ եւս լսել մեր ծրագրերը միջմայրցամաքային «Ար ռադիո»-ով», - ասել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեֆրի Գեդմինը:

Գեդմինը, այդուհանդերձ, նշել է, որ ամբողջ երկրի ծածկույթն ապահովող Հայաստանի հանրային ռադիոյի հետ պայմանագիրը թարմացնելուն ուղղված ջանքերը առայժմ արդյունքի չեն բերել:

«Մենք շարունակում ենք խորապես հավատալ, որ «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը պետք է մատչելի լինի ողջ Հայաստանի համար: Հարյուր հազարավոր ունկնդիրներ վստահում են «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը եւ սպասում են մեր ճշգրիտ, համակողմանի լրատվությանը», - ասել է Գեդմինը` նշելով, որ վերջին ուսումնասիրությունները վկայում են, որ հայաստանցիների 15 տոկոսը ամեն շաբաթ ունկնդրում է «Ազատություն» ռադիոկայանի հաղորդումները:

Հայաստանի հանրային ռադիոն հուլիսի կեսերին հայտարարել էր, որ 2007 թվականի օգոստոսի 9-ից դադարեցնելու է «Ազատություն» ռադիոկայանի հեռարձակումը իր ցանցի 80 հաղորդակներով:

«Մենք ամեն ջանք գործադրեցինք` լուծելու իրավական եւ պայմանագրային բոլոր հարցերը, եւ վստահ ենք, որ հեռարձակումը չշարունակելու որեւէ պատճառ չկա», - ասել է Գեդմինը:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ծրագրերը Հայաստանի հանրային ռադիոյի ցանցով հեռարձակվում են 1998 թվականից: Պայմանագրի երկարաձգման հարցով հուլիսին Երեւանում երեք օր տեւած բանակցությունները լուծման չհանգեցրին:

Ամերիկյան հեռարձակումների տնօրենների խորհրդի նախագահ Ջեյմս Գլասսմանը այդ օրերին ասել էր. - «Մենք բարձր ենք գնահատում հարաբերությունները Հայաստանի հանրային ռադիոյի հետ եւ, անշուշտ, ուզում ենք շարունակել դրանք»: