Արման Բաբաջանյան. - «Իմ գործով հրահանգները տրվում են ուղղակի նախագահականից»

«Ժամանակ-Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը համոզված է, որ իրեն պայմանական-վաղաժամկետ ազատ արձակելու խնդրանքը մերժվել է «զուտ քաղաքական նկատառումներով», եւ որ այդ մերժման հրահանգը ուղղակիորեն տրված էր երկրի նախագահի նստավայրից:

3,5 տարվա ազատազրկման դատապարտված լրագրողը անազատության մեջ է արդեն 16 ամիս:

«Պիտի ասեմ, որ իմ գործով հրահանգները տրվում են ուղղակի նախագահականից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց երկուշաբթի օրվանից դատապարտյալների հիվանդանոցում գտնվող Արման Բաբաջանյանը` շարունակելով. - «Եվ հանրապետության ղեկավարը նաեւ այստեղ հետեւողականորեն շարունակում է վրեժ լուծել: Ինչպես Վիեննայի լրագրողների ակադեմիան էր գնահատականը տվել` վրեժխնդիր է փորձում լինել այն գործունեության համար, որ ես 2003 թվականից ծավալել եմ Լոս Անջելեսում այս իշխանությունների դեմ` այնտեղ լրջագույն զանգված ապահովելով` դժգոհ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների... Փաստորեն իշխանությունները ուղղակի ստիպված գնացին այս քայլին»:

«Վաղակետ-պայմանական ազատումից ինձ զրկելու իրենց որոշումը ավելի ընդգծում է այս իշխանությունների փոքրությունը եւ նրանց թուլությունը», - հավելեց Բաբաջանյանը:

Հարկ է հիշեցնել, որ միջգերատեսչական հանձնաժողովը, որը մերժել է Արման Բաբաանյանի վաղաժամկետ-պայմանական ազատման խնդրանքը, ստեղծվել է երկրի նախագահի հրամանագրով` 2006 թվականի հուլիսին, եւ այդ հանձնաժողովի անդամներին նշանակվում է երկրի նախագահը: Հանձնաժողովը գլխավորում է Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանը:

Հանձնաժողովի կողմից իր դիմումի մերժումը Բաբաջանյանը գնահատում է որպես «քաղաքական որոշման արդյունք». - «Պետք է ասել, որ այնտեղ ընդգծված վերաբերմունք է եղել իմ անձի նկատմամբ, եւ այնտեղ գտնվող ուժային կառույցների ներկայացուցիչները ուղղակի կտրականապես նշան են տվել հանձնաժողովի այլ անդամներին, թե ինչպես պետք է քվեարկել»:

«Նշեմ, որ այդ օրը դիմող մոտ 19 դատապարտյալներից չորսը ազատվել են: Նրանցից բոլորը եղել են կրկնակի դատվածներ, իսկ ես առաջին անգամ եմ դատապարտվել: Նրանցից մեկը, օրինակ, ավազակային հարձակմամբ սպանություն գործած մեկն է եղել, եւ նրան, փաստորեն, կամայականորեն հանձնաժողովը վաղակետ- պայմանական ազատման է ենթարկել», - ասաց Բաբաջանյանը` հավելելով, որ իր միջնորդությունը մերժվել է «առանց որեւէ հիմնավորման», քանի որ հանձնաժողովը չուներ իր խնդրով որոշում կայացնելու իրավունք:

Բաբաջանյանին ձերբակալել են 2006 թվականի հունիսին, իսկ, իր պնդմամբ, նշված հանձնաժողովը նախագահի հրամանագրով ստեղծվել է նույն թվականի հուլիսին: Եվ, քանի որ օրենքը հետադարձ ուժ չունի, ուստի հանձնաժողովը իր հարցը քննելու «իրավասություն չուներ»:

Այս կապակցությամբ Բաբաջանյանի փաստաբանը արդեն դիմել է առաջին ատյանի դատարան: Գործն ուղարկվել է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:


Ռուզաննա Ստեփանյան