Սերժ Սարգսյան. - «Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե հայերն ու թուրքերը կարողանային փոխըմբռնման հասնել»

«Հայաստանը պատրաստ է երկխոսություն սկսել Թուրքիայի հետ» վերնագրի ներքո արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկացնում է, որ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը պատրաստ է բանակցություններ վարել Թուրքիայի նոր կառավարության հետ:

Երեքշաբթի օրը Սերժ Սարգսյանը արաբական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է. - «Մենք չենք կարող մնալ առանց հարեւանի հետ կապի եւ համագործակցության. դրան հասնելու ամենահեշտ ճանապարհը երկխոսությունն ու բանակցություններն են»:

«Ալ Ջազիրա»-ն հիշեցնում է, որ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային սպանություններ են իրականացվել. - «Թուրքիան ասում է, որ հայերը պատերազմի զոհ էին, իսկ Հայաստանը պահանջում է, որ 1915 թվականի իրադարձությունները ճանաչվեն ցեղասպանություն»:

Մեկնաբանն ընդգծել է, որ հայ-թուրքական սահմանի փակ լինելը շարունակում է մեկուսացած պահել Հայաստանը. - «Հայաստանը չունի ելք դեպի ծով, ինչը դժվարացնում է տնտեսության զարգացումը»:

«Ալ Ջազիրա»-ն վկայակոչել է սահմանամերձ գյուղերի ծանր վիճակը` գործազրկությունը, արտագաղթը:

«Փակ սահմանների պատճառով Հայաստանի տնտեսությունը տարեկան միլիոնավոր դոլարների կորուստ է ունենում, եւ զարմանալի չէ, որ Սարգսյանը փոփոխությունների է ձգտում», - եզրակացրել է մեկնաբանը` մեջբերելով Հայաստանի վարչապետի հետեւյալ խոսքերը. - «Մենք չենք ընտրել այն տարածքը, որտեղ ապրում ենք, եւ մենք պետք է հարեւաններ լինենք դեռ շատ երկար ժամանակ: Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ, եթե հայերն ու թուրքերը կարողանային փոխըմբռնման հասնել»:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա