Մամուլի տեսություն

(շաբաթ, 14-ը հուլիսի)

Մեկնաբանելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների` նախօրեին արած հայտարարությունը, ըստ որի, «չհաղթահարելով երկու երկրների միջեւ հակասությունները՝ կողմերը գնում են 2008 թվականի նախագահական ընտրությունների, որոնք տեղի կունենան թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, իսկ փորձը ցույց է տալիս, որ նախընտրական արշավները ստվերում են առաջընթացի հնարավորությունները», «Առավոտ»-ի գլխավոր խմբագիրը գնահատել է. - «Դիտողությունն, ինչ խոսք, տեղին է. այս տարվա աշնանից ոչ Ալիեւը, ոչ Քոչարյանը չեն վտանգի իրենց կամ իրենց թիմերին «ավելորդ զիջողականությամբ»։ «Առաջինն իրեն դրսեւորելու է իբրեւ «պատերազմի բազե»՝ սեփական վերընտրությունն ապահովելու համար, երկրորդը նույնպես կառաջնորդվի «ոչ մի թիզ հող» սկզբունքով՝ ընտրություններից առաջ իրավիճակը չլարելու համար», - շեշտել է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Չորրորդ իշխանության» մեկնաբանը գրել է. - «Ըստ էության, Հայաստանում ստեղծված ներքաղաքական վիճակը բավականին պարզ է։ Իշխանությունները փորձում են 2008-ին նախագահ դարձնել Սերժ Սարգսյանին, ՀՅԴ-ն` որպես իշխանության մաս կազմող ուժ, մտադիր է հանդես գալ սեփական թեկնածուով, որպեսզի օգնի Սերժ Սարգսյանին (ընդդիմությունից ձայներ խլելով), իսկ ընդդիմությունը փորձում է միավորվել»։ «Եթե կարողանա միավորվել, պայքարը կստացվի, չկարողանա՝ Սերժը կդառնա նախագահ», - բխեցրել է մեկնաբանը։

«Հայկական ժամանակ»-ի վերլուծաբանը փոխանցել է, թե «իշխանական սցենարներից մեկով արդեն որոշված է, որ նախագահական ընտրությունների ժամանակ Հայ հեղափոխական դաշնակցությանը վերապահվելու է այն դերը, որը խորհրդարանականի ժամանակ վերապահված էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»։ Թերթի տեղեկություններով, «իշխանական վերնախավում որոշվել է, որ Դաշնակցության թեկնածուն նախագահական ընտրությունների ժամանակ պետք է լինի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը, եւ Դաշնակցությունը, ըստ այդ սցենարի, 2008-ի ընտրությունների ժամանակ պետք է դուրս գա երկրորդ փուլ»։

«Տարեգիր» թերթը «Լրջանալու պահը» վերնագրի տակ շեշտադրել է. - «Այսօր արմատական ընդդիմությունը` ի դեմս «Այլընտրանք»-ի, ՀՀՇ-ի եւ «Հանրապետություն» կուսակցության, հաճախ է արծարծում ընդդիմադիր միասնական նախագահացուի հարցը, եւ գաղտնիք չէ, որ երեքն էլ միասնական թեկնածու ասելով նկատի ունեն միայն ու միայն Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Գաղտնիք չէ նաեւ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին իրենց թեկնածությունից ու թերեւս վերջին շանսից չեն հրաժարվի ոչ Գեղամյանը, ոչ Վազգեն Մանուկյանը, ոչ Հայրիկյանը եւ ոչ էլ առավել ջահելները՝ Արամ Կարապետյանը, Ստեփան Դեմիրճյանը եւ ուրիշներ»: «Լեւոն Տեր-Պետրոսյանի ջատագովները ճիշտ կանեն, եթե հանրահավաքներում, որքան էլ դրանք սակավամարդ լինեն, ավելի ու ավելի հաճախ հոլովեն ու վանկարկեն իրենց նախընտրած միասնական թեկնածուի անունը», - խորհուրդ է տվել թերթի գլխավոր խմբագիրը` հավելելով. - «Միայն այդ դեպքում պարզ կդառնա՝ եկե՞լ է արդյոք լրջանալու պահը, թե՞ ոչ: Միայն այդ դեպքում պարզ կդառնա՝ այս երկարատեւ ընթացքում ժողովուրդն անդրադարձե՞լ է առաջին նախագահի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» հոդվածին, եւ եթե անդրադարձել է, ի՞նչ եզրակացության է հանգել»:

Նույն թերթը, «Հեռանկար» խորագրի տակ անդրադառնալով Հայաստանում «Ազատություն» ռադիոկայանի փակման խնդրին, գնահատել է. - «Ազատություն» ռադիոկայանին եթերից զրկելու՝ Հայաստանի իշխանությունների մոլուցքը ոչ միայն խոսքի ու մամուլի ազատության տեսանկյունից է պախարակելի, այլեւ մարդկային երախտամոռության տեսանկյունից։ Հայաստանի իշխանությունը, փաստորեն, Միացյալ Նահանգներից ստացված միլիոնավոր դոլարների օգնությանը փորձեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանին հարկային ֆանտաստիկ դաշտ մտցնելով, եւ եթե ԱՄՆ-ը այս ամենին ի պատասխան դադարեցնի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի ֆինանսավորումը, հետո էլ կրճատի կամ վերացնի Հայաստանին եւ Արցախին տրվող ամենամյա օգնությունը, պատկերացնու՞մ եք՝ ազգային-ազատագրական ինչ բուռն նվնվոցներ կլսվեն Հայաստանից եւ ի Սփյուռս աշխարհից։ Ճիշտ է, այս «նախագիծը» խորհրդարանում կարծես առժամանակ «սառեցվեց», բայց հիմա էլ բանեցվում է նոր, ավելի կատարելագործված զենք. «Ազատության» եթերազրկման հիմք կարող է դառնալ Հանրային ռադիոյով հեռարձակելու պայմանագրի բացակայությունը»։

Իր հերթին, «168 ժամ» պարբերականը փոխանցել է. - «Եթե հաշվի առնենք, որ «Ազատության» հեռարձակման դադարեցումը իշխանությունների համար շարունակում է հրատապ մնալ, ապա կարելի է ենթադրել, որ այդ խնդիրն այլ ճանապարհով լուծելու քաղաքական որոշում է կայացվել. այն է՝ Հանրային հեռուստաընկերության խորհուրդը համաձայնություն չի տալիս Հանրային ռադիոյի՝ «Ազատության» հետ պայմանագիր կնքելու առաջարկին եւ Հանրայինն ուղղակի չի կնքում այդ պայմանագիրը»։ «Այսինքն՝ «Ազատությունը» փակելու են ոչ թե փաթեթային, այլ փուլային տարբերակով», - հեգնել է պարբերական ու բացատրել. - «Առաջին փուլում լրանում է պայմանագրի ժամկետը, երկրորդ փուլում ձեւ են անում, թե բանակցում են, երրորդ փուլում ասում են՝ չստացվեց»։


Ատոմ Մարգարյան