Սաֆար Աբիեւ. «Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը վրաց պաշտոնակից Դավիդ Կազերաշվիլիի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել»:

Նշելով, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակվում են, եւ «Ադրբեջանը գերադասում է խնդրի խաղաղ կարգավորում», ադրբեջանական ռազմական գերատեսչության ղեկավարը հավելել է. - «Խաղաղ բանակցությունները չեն կարող հավերժ շարունակվել: Հայաստանը պետք է ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները` հետեւելով միջազգային իրավունքի նորմերին»:

«Հայաստանը պետք է համապատասխան հետեւություններ անի խաղաղ բանակցությունների արդյունքներով, հակառակ դեպքում Ադրբեջանը կազատագրի իր տարածքները», - «Թրենդ» գործակալության վկայությամբ` ասել է Աբիեւը:

Վրաստանի պաշտպանության նախարարը Բաքու է ժամանել այսօր: Ըստ ադրբեջանական աղբյուրների, այցի օրակարգում են ՎՈւԱՄ-ի խաղաղարար ուժերի ստեղծման, ռազմատեխնիկական բնագավառում համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:


Իրինա Հովհաննիսյան, Պրահա