Վարդան Օսկանյան. «Ադրբեջանը խուսափում է հաջորդ համարձակ քայլից»

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, որ «ադրբեջանական կողմից քաղաքական կամքի բացակայության խնդիր կա»:

«Մի տեղ ենք հասել, որ դրանից հետո, կարծես թե, ադրբեջանական կողմը խուսափում է, վարանում է հաջորդ կարեւոր համարձակ քայլն անել, որպեսզի սառույցը հալչի»,֊ - ասել է արտգործնախարարը «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք ճիշտ են վերլուծաբանների կանխատեսումներն այն մասին, որ ղարաբաղյան բանակցությունները կսառեցվեն մինչեւ 2009 թվականը, Վարդան Օսկանյանը չի բացառել նման սցենարը, սակայն հույս է հայտնել, որ բանակցությունները կշարունակվեն:

Խոսելով Կոսովոյի անկախության ճանաչման մասին, արտգործնախարարը կարծիք է հայտնել, որ Ղարաբաղի համար կարող է բացասական լինել ինչպես Կոսովոյի անկախության ճանաչումը, այնպես էլ չճանաչումը: Նա կանխատեսել է, որ միջազգային հանրությունը կարող է հետեւյալ դիրքորոշումը որդեգրել՝ Կոսովոն վերջինն է, դրանից հետո այլեւս որեւէ տարածքի անկախություն չենք ճանաչում:

«Այսօր Ղարաբաղը բռնել է ինքնորոշման ճանապարհը: Դե ֆակտո դա իրականացվել է, մնում է բանակցությունների միջոցով հասնել դրա ճանաչմանը, անկախ մյուս հակամարտություններից»:


Աննա Սաղաբալյան