Փարիզում բացվել է հայ ժամանակակից արվեստի ցուցահանդես

Փարիզի Լյուքսեմբուրգյան պալատում երեկ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահներ Ժան-Կլոդ Գոդենի եւ Գի Ֆիշերի մասնակցությամբ բացվել է հայ ժամանակակից արվեստին նվիրված ցուցահանդես:

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Լյուքսեմբուրգյան այգու վրա բացվող Օրանժերեայի ընդարձակ տարածքում ներկայացված են գեղանկարչական մոտ 100 գործեր եւ քանդակներ, որոնք համախմբում են Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող հայ ժամանակակից 23 նկարիչների:

Ցուցադրանքը պատկանում է Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարանին, որի տնօրեն Հենրիկ Իգիթյանի ղեկավարությամբ այն Հայաստանի տարվա շրջանակներում այս տարվա փետրվար-մարտ ամիսներին ցուցադրվել է նաեւ Նիսում եւ Լուբեսում:

Ցուցահանդեսը, որը գործելու է մինչեւ հուլիսի 15-ը, կազմակերպվել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսելեի եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանի հովանավորությամբ: