Երեւանում հանդիպել են Հայաստանի եւ Հունաստանի նախագահները

Այսօր Երեւանում հանդիպել են Հայաստանի եւ Հունաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Կարոլոս Պապուլիասը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի նախագահի մամլո ծառայությունը, «երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ- հունական հարաբերությունների ողջ սպեկտրը, անդրադարձել են եվրակառույցների շրջանակում փոխգործակցությանը, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ հարցերի վերաբերյալ»:

Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանի եւ Կարոլոս Պապուլիասի մասնակցությամբ տեղի են ունեցել հայ-հունական բանակցություններ՝ ընդլայնված կազմով: Քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղություններն ու դրանց ակտիվացման հնարավորությունները:

Բանակցությունների ավարտին համատեղ մամուլի ասուլիսում նախագահ Քոչարյանը հատուկ շնորհակալություն հայտնեց հունական կողմին` գյուղատնտեսության, պաշտպանության ոլորտներում համագործակցության համար, եւ այն կրթաթոշակների համար, որ տրամադրվում են հայ երիտասարդներին Հունաստանում կրթությունը շարունակելու համար:

Հայաստանի նախագահը շեշտեց, որ երկու երկրները ունեն մոտ դիրքորոշումներ բոլոր «զգայուն» հարցերի վերաբերյալ:

Հունաստանի նախագահի խոսքերով, հայ-հունական հարաբերությունները «գերազանց են եւ զարգանում են շատ դինամիկ»:

Պատասխանելով հույն լրագրողի հարցին, թե արդյո՞ք նպատակահարմար չէ Հայաստանի համար անդամակցությունը ՆԱՏՕ-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ այդ հարցը ընդգրկված չէ Հայաստանի քաղաքական օրակարգում. - «Ընդհանրապես որեւէ ռազմական բլոկի միանալը առաջին հերթին պետք է հետապնդի մի կարեւոր նպատակ. այդ անդամակցությունը երկրի անվտանգության մակարդակը կբարձրացնի՞, թե՞ ոչ: Մեր գնահատականով` լրացուցիչ, բավականին մեծ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար եւ կնվազեցնի Հայաստանի պաշտպանվածության մակարդակը: Եվ մենք կարծում ենք, որ այն ձեւաչափը, որ այսօր մենք կիրառում ենք անվտանգության եւ պաշտպանության ոլորտում, ամենից օպտիմալն է Հայաստանի շահերի համար»:


Աննա Սաղաբալյան