Վանաձորում կտրուկ ավելացել են սննդային թունավորման դեպքերը

Վանաձորի թիվ 1 բժշկական համալիրում երեկ եւ այսօր գրանցվել է թունավորման 19 դեպք:

Թունավորման պատճառների կապակցությամբ քաղաքի բնակիչները զուգահեռներ են տանում երեկ մարզի անտառներում սկսված` ծառերի բուժման միջոցառումների հետ, որոնց ընթացքում օգտագործվում է քիմիական նյութ: Վերջինս, ըստ վանաձորցիների, կարող է հանդիսանալ անտառային հատապտուղների եւ սնկի թունավորման պատճառ:

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Վոլոդյա Բունիաթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ո’չ հերքեց, ո’չ էլ հաստատեց, թե թունավորումները կարող են հետեւանք լինել անտառների բուժման համար թունաքիմիկատների օգտագործման հետեւանք:

Հունիսի 1-ից մինչեւ երեկ մարզում գրանցվել էր սննդային թունավորումների ընդամենը 9 դեպք, իսկ երեկ եւ այսօր` արդեն 19: Հիվանդներից 4-ի վիճակը բժիշկները գնահատում են «ծանր»:

«Հայանտառ» պետական ընկերության տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը այս առիթով «Ազատություն» ռադիոկայանին Լոռու մարզից տեղեկացրեց, որ նման լուրերն անակնկալ են իրենց համար:

«Գուգարքի հատվածում սրսկումները սկսվել են երեկ երեկոյան: Վանաձոր քաղաքի մոտակա անտառներում սրսկումներ չեն էլ լինելու», - ասաց նա: - «Հրապարակման առիթով կապվել եմ մարզպետարանի, հիվանդանոցի եւ բուժող բժիշկների հետ: Բացառում ենք, որ նշված թունավորումները կապված են սրսկումների հետ»:


Կարինե Սիմոնյան, Վանաձոր