Նոր կառավարության ծրագիրն ընդունվեց

Այսօր Հայաստանի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ հաստատեց նոր կառավարության 2007֊-2012 թվականների գործունեության հնգամյա ծրագիրը:

42֊-էջանոց փաստաթղթի օգտին քվեարկեց 94 պատգամավոր: Դեմ քվեարկեցին «Ժառանգություն» խմբակցության բոլոր 7 անդամները: Ձեռնպահ մնացին «Օրինաց երկիր» խմբակցության բոլոր 9 անդամները եւ Վիկտոր Դալլաքյանը:

Ծրագրի հիմնական գերակայությունները, ըստ վարչապետի, հինգն են՝ ազգային անվտանգություն եւ կայուն զարգացում, կառավարման արդյունավետ համակարգ, կրթություն եւ գիտություն, տարածքների համաչափ զարգացում եւ սոցիալական ոլորտ:

Խոսելով տարածքների համաչափ զարգացման մասին, վարչապետն առաջարկեց սկսել հենց Շիրակի մարզից, Գյումրիից` այնտեղ տեղափոխելով ենթակառուցվածքների մի մասը: Երեկ Սերժ Սարգսյանը առաջարկել էր բանկերի հիմնական գրասենյակները տեղափոխել Դիլիջան` Երեւանում թողնելով մասնաճյուղերը:

Անդրադառնալով սոցիալական բնագավառին, վարչապետը հայտնեց, որ ծրագրով նախատեսված է կենսաթոշակների ամենամյա աճ: Մասնավորապես, 2008 թվականի հունվարի 1-֊ից դրանք կբարձրանան 60 տոկոսով:

Նոր կառավարության ծրագիրը նաեւ նախատեսում է համախառն ներքին արդյունքի ամենամյա աճ 8֊-10 տոկոսի չափով: Ներդրումների տարեկան ծավալը ամեն տարի նախատեսվում է ավելացնել առնվազն 10 տոկոսով:


Ռուզան Խաչատրյան