Վարդան Օսկանյան. «Եթե լրջորեն եք վերաբերում երկխոսությունը, ապա բարի եղեք նախ բացել սահմանը»

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով Ստամբուլում ներկայացնում էր Հայաստանը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հորդորել է Թուրքիային բացել 1993 թվականից ի վեր փակ սահմանը երկու երկրների միջեւ:

«Եթե դուք լրջորեն եք վերաբերում երկխոսությունը, ապա բարի եղեք նախ բացել սահմանը: Եթե մեր երկու երկրների միջեւ սահմանը բաց լինի, հայկական կողմը պատրաստ է կառավարական մակարդակով ցանկացած հանձնաժողով ձեւավորել` քննարկելու համար այն խնդիրները, որոնք կանգնած են մեր երկկողմ հարաբերությունները նորմալացնելու ճանապարհին», - մամուլի ասուլիսում ասել է Վարդան Օսկանյանը:

Գագաթնաժողովի շրջանակներում, ըստ Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության տարածած հաղորդագրության, նախարարը ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ: Թուրքիայի փոխվարչապետ, արտգործնախարար Աբդուլա Գյուլի հետ հանդիպմանը քննարկվել են ՍՏՀԿ-ի օրակարգը եւ առաջիկա ծրագրերը: Անդրադառնալով երկկողմ հարցերին, նախարար Օսկանյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը առանց նախապայմանների հարաբերությունների նորմալացման ուղղությամբ:

Գյուլի հետ հանդիպմանը քննարկվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները:

Ստամբուլում նախարար Օսկանյանի հանդիպումներ է ունեցել նաեւ Սերբիայի նորանշանակ արտգործնախարար Վուկ Գերեմիչի, Վրաստանի եւ Հունաստանի իր պաշտոնակիցներ Գելա Բեժուաշվիլիի եւ Դորա Բակոյանիսի հետ:

Գագաթնաժողովի ավարտին ստորագրվել է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ 12 երկրների համագործակցությունը բոլոր ոլորտներում խորացնելու վերաբերյալ հռչակագիր:


Հրաչ Մելքումյան, Պրահա