Ահմեդ Սեզերը հանրաքվե է նախաձեռնել

Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը այսօր հանրաքվե է նախաձեռնել, որի արդյունքում պետք է որոշվի երկրի նախագահի` համաժողովրդական քվեարկությամբ կամ խորհրդարանի կողմից ընտրության հարցը: Այդ մասին տեղեկացնում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Մայիսի սկզբին խորհրդարանում նախագահական ընտրությունների ձախողումից հետո, երբ կառավարող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից առաջադրված թեկնածու, ներկայիս արտգործնախարար Աբդուլա Գյուլի ընտրությունը չեղյալ հայտարարվեց երկրի Սահմանադրական դատարանի կողմից, իշխող կուսակցությունը փոփոխություններ էր առաջարկել Սահմանադրությունում, որոնք ամրագրում էին նախագահական ուղղակի ընտրությունները:

Սահմանադրական փոփոխությունների փաթեթը ընդունվել էր խորհրդարանում եւ ներկայացվել նախագահի հաստատմանը, սակայն Սեզերը վետո էր կիրառել դրա նկատմամբ:

Խորհրդարանը մայիսի վերջին կրկին ընդունել էր փոփոխությունների փաթեթը, որի վրա երկրորդ անգամ վետո դնելու իրավունք նախագահը չուներ. նա կամ պետք է հաստատեր այն, կամ պետք է այդ հարցով հանրաքվե նախաձեռներ, ինչն էլ Սեզերն արել է:

Ահմեդ Սեզերի նախագահական լիազորությունների 7-ամյա ժամկետն ավարտվել է մայիսի 16-ին, սակայն նա շարունակելու է պաշտոնավարել մինչեւ նոր նախագահի ընտրությունը: