Սեֆիլյանի եւ Մալխասյանի պաշտպանները պահանջում են ազատ արձակել նրանց

Ազատամարտիկներ Ժիրայր Սեֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի պաշտպանները այսօր պահանջել են ազատ արձակել իրենց պաշտպանյալներին` պատճառաբանելով, որ դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրացել է:

Սեֆիլյանը եւ Մալխասյանը մեղադրվում են սահմանադրական կարգը բռնի ուժով փոխելու հրապարակային կոչեր անելու մեջ:

Գլխավոր դատախազին, արտդարադատության նախարարին եւ հայաստանցի այլ պաշտոնյաների հասցեագրված նամակում պաշտպանները փաստում են, որ «Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող քրեական գործով մեղադրյալներ Ժիրայր Սէֆիլյանին եւ Վարդան Մալխասյանին կալանքի տակ պահելու ժամկետը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշումներով երկարացվել էր մինչեւ հունիսի 10-֊ը»:

«Դրանից հետո մեր պաշտպանյալներին կալանքի տակ պահելու վերաբերյալ որեւէ դատական ակտ չի կայացվել, սակայն նրանք առ այսօր ապօրինաբար շարունակվում են պահվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, այն դեպքում երբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 141 հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը պարտավորեցնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին անհապաղ ազատ արձակել առանց դատարանի համապատասխան որոշման կալանավորված, ինչպես նաեւ դատարանի որոշմամբ կալանքի տակ պահելու սահմանված ժամկետը լրացած անձանց»,֊ - ասված է նամակում:

«Հաշվի առնելով, որ դատարանի սահմանված ժամկետը լրանալուց հետո Ժիրայր Սեֆիլյանը եւ Վարդան Մալխասյանը շարունակվում են ապօրինաբար պահվել անազատության մեջ, պահանջում ենք ձեռնարկել բոլոր միջոցները՝ մեր պաշտպանյալներին անհապաղ կալանքից ազատելու ուղղությամբ»,֊ - գրում են պաշտպանները:

Սեֆիլյանը եւ Մալխասյանը կալանվել էին անցած տարվա վերջին: