Վրաստանի վարչապետը հուսով է, որ իր երկիրը մինչեւ 2009 թվականը կլինի ՆԱՏՕ-ի կազմում

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան այցելեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: Վրաստանի վարչապետը մեկ անգամ եւս կրկնեց իր կառավարության այն տեսակետը, թե Վրաստանի տարածքի չկարգավորված հակամարտությունները ոչ մի առնչություն չունեն Կոսովոյի հակամարտության հետ, ուստիեւ զուգահեռներ անցկացնելը անիմաստ է:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցին, թե ե՞րբ կարող է Վրաստանը դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, Վրաստանի վարչապետն ասաց, թե դա բավական բարդ գործընթաց է, դեռեւս մի քանի փուլեր կան մինչեւ անդամակցությունը, սակայն ինքը հուսով է, որ 2009 թվականի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Վրաստանն արդեն կլինի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ:

Իսկ հարցին, թե կցանկանա՞ր արդյոք Վրաստանը տեսնել իր երկու հարեւան երկրներին՝ Հայաստանին եւ Ադրբեջանին, ՆԱՏՕ-ի կազմում, Նողաիդելին պատասխանեց. - «Մենք շատ կցանկանայինք, բայց նրանք նույնպես պետք է ձգտում ցուցաբերեն»:

«Ես կարծում եմ, վաղ թե ուշ նման որոշում կկայացնեն նաեւ Հարավային Կովկասի մյուս երկու երկրները», - ասաց Վրաստանի վարչապետը:


Հրայր Թամրազյան, Պրահա