Գարի Կասպարով. «Բուշի ելույթը կարող էր Ռուսաստանի վերաբերյալ ավելի հստակ ու կտրուկ գնահատականներ պարունակել»

Պրահայում անցկացվող «Ժողովրդավարություն եւ անվտանգություն» գիտաժողովում ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի ելույթի` Ռուսաստանին առնչվող հատվածը «կարող էր ավելի հստակ ու կտրուկ գնահատականներ պարունակել»: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում այդպիսի կարծիք հայտնեց Ռուսաստանի միացյալ քաղաքացիական ճակատի առաջնորդ, շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը:

«Շատ խոսվեց ժողովրդավարության, ժողովրդավարական արժեքների մասին, բայց, ամեն դեպքում, Ռուսաստանի մասին խոսելիս Բուշը զգուշավորություն էր ցուցաբերում, թեեւ, իհարկե, նրա արտահայտությունները նախկինի համեմատ միգուցե փոքր-ինչ ավելի կոշտ էին», - ասաց Կասպարովը:

«Հասկանալի է, որ նրա գիտակցության մեջ գերակայողը Իրաքի հիմնախնդիրն է», - ընդգծեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոնը:

Երեկ երեկոյան, Պրահայից Ռոստոկ մեկնելուց առաջ ԱՄՆ-ի նախագահը հասցրել է շփվել ռուսաստանցի եւ բելառուս այլախոհների ու ընդդիմադիրների հետ: Այդ հանդիպման մասին Կասպարովը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց հետեւյալը. - «Պարզ է, որ նախագահ Բուշը լսում է` ինչ են իրեն ասում, բայց մեկ, երկու կամ երեք րոպեն, որ նա ծախսում է տարբեր երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումների վրա, դժվար թե կարողանա փոխել աշխարհի մասին նրա պատկերացումները»:

«Ժողովրդավարություն եւ անվտանգություն. սկզբունքային արժեքներ եւ ուժեղ քաղաքականություն» թեմայով միջազգային գիտաժողովը այսօր շարունակելու է աշխատանքները Պրահայի արտգործնախարարության «Չեռնին պալաս» դղյակում:

Եթե երեկվա նիստում առաջնահերթությունը տրվեց Իրաքում եւ Աֆղանստանում ահաբեկչության դեմ գլոբալ պայքարին ու ժողովրդավարական կարգեր հաստատելու հետ կապված խնդիրներին, ապա այսօր հիմնական ուշադրությունը դարձվելու է հասարակությունում այլախոհության, գլոբալ անվտանգության կայացման գործում միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ու լրատվամիջոցների դերին, ինչպես նաեւ Եվրամիություն - Ռուսաստան հարաբերություններին:


Ռուբեն Մելոյան, Պրահա