«Դոկտոր մահ»-ը այսօր դուրս կգա բանտից

Այսօր Միչիգանի նահանգային բանտից դուրս կգա «Դոկտոր մահ» մականվանն արժանացած Ջեք Գեւորգյանը:

Էվթանազիայի ջատագովը ճաղերի ետեւում հայտնվեց 1999 թվականին, երբ CBS հեռուստաընկերության «60 րոպե» ծրագրին ուղարկեց հերթական մահացու ներարկման մասին պատմող տեսաժապավենը:

Այդ ժամանակ Գեւորգյանն արդեն զրկված էր բժշկական արտոնագրից: Մինչեւ սկանդալային տեսաժապավենի հրապարակումն արդեն Գեւորգյանը հայտարարում էր, թե 130 անբուժելի հիվանդների օգնել է հեռանալ կյանքից` ազատելով նրանց ֆիզիկական անասելի տառապանքներից:

1990-ականներին Գեւորգյանի դեմ քրեական գործ հարուցելու փորձեր եղան մի շարք նահանգներում, սակայն` անհաջող. Ջեք Գեւորգյանի օգնությամբ կյանքից հեռացած հիվանդները եւ նրանց հարազատները իրենք էին դիմել հայազգի բժշկին` խնդրելով վերջ տալ տանջանքներին:

Միչիգանի դատական համակարգը, սակայն, հաստատակամ գտնվեց Գեւորգյանի գործունեությանը վերջ տալու հարցում: Ջեք Գեւորգյանի դատավճիռը հրապարակած դատավորը` Ջեսիքա Քուփերը, հայտարարել էր. - «Դուք հանդգնություն ունեցաք ձեր արածը ցուցադրել ազգային հեռուստատեսությամբ, ցանկանալով տեսնել` կհամարձակվի՞ արդյոք դատական համակարգը ձեզ խանգարել: Կարող եք համարել, որ այսօրվանից ձեր գործունեությանը վերջ է տրվել»:

8-ամյա ազատազրկումից հետո Գեւորգյանը բանտից դուրս է գալիս հստակ պայմանով` առաջիկա երկու տարիներին էվթանազիայի օրինականացման քարոզչություն չիրականացնել:

«Մենք հետեւելու ենք նրա բոլոր հրապարակային ելույթներին», - հայտարարել են Միչիգան նահանգի իրավապահները:

Միացյալ Նահանգներում անցկացված վերջին հարցումները վկայում են, որ 79-ամյա եւ վատառողջ Ջեք Գեւորգյանը, բանտից դուրս գալով, կարող է տոնել առաջին «հաղթանակը». ըստ Pew Research կենտրոնի հետազոտության` էվթանազիայի օրինականացման կողմնակից ամերիկացիների թիվը արդեն հավասարվել է հակառակորդների թվին:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա