Արարատ լեռան վրա այսօր բացվում է «Նոյյան տապանը»

Անցած գիշեր Արարատ լեռան վրա ավարտվել է Նոյյան տապանի կրկնօրինակի շինարարությունը, եւ այսօր կկայանա խորհրդանշական կառույցի հանդիսավոր բացումը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, լեռան ստորոտին խարույկներ են վառվել, որոնց շուրջ հավաքվել են գերմանացի եւ թուրք 20 ատաղձագործները:

Արարատ լեռան վրա` ծովի մակերեւույթից երկուեւկես հազար մետր բարձր, Նոյյան տապանի կրկնօրինակի շինարարության նախաձեռնությամբ «Գրինփիս» բնապահպանական կազմակերպությունը ցանկանում է Մեծ ութնյակի` հունիսի սկզբին նախատեսվող գագաթնաժողովի նախօրեին աշխարհի առաջնորդների ուշադրությունը հրավիրել գլոբալ ջերմացման սպառնալիքի վրա` աղետ, որը բնապահպանները համեմատում են Համաշխարհային ջրհեղեղի հետ:

Տապանը կառուցված է փայտից, դրա չափսերն են 10 մետր x 4 մետր x 4 մետր:

Փայտյա մասերը լեռ են բարձրացվել չորս տասնյակ ձիերի օգնությամբ:

Ատաղձագործները տապանի կառուցումը ավարտեցին երկու շաբաթվա ընթացքում:

«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, մայիսի 29-ին «Գրինփիս»-ի ակտիվիստները մագլցել են Արարատի գագաթը` 5137 մետր բարձրության վրա, եւ այնտեղ ամրացրել են պաստառ` հետեւյալ կոչով. - «Մեծ ութնյակ. սա մի հանգրվան է, որտեղից վերադարձ չկա: Փրկե’ք կլիման հիմա»:

«Գրինփիս»-ի կամավորները բոլոր ցանկացողներին հրավիրել են «վիրտուալ բնակություն» հաստատելու Նոյյան տապանի վրա: CNN-Turk հեռուստակայանի փոխանցմամբ, բնապահպանական կազմակերպության ինտերնետային հասցեով սկսվել է «21-րդ դարի ուղեւորների» լուսանկարների հոսքը, եւ այսօր տապանի վրա բացվելու է մեր օրերի «Համաշխարհային ջրհեղեղից»` գլոբալ ջերմացումից փրկվողների լուսանկարների ցուցահանդեսը: