Կանադական եւ իռլանդական ընկերությունները Հայաստանում նավթ եւ գազ են որոնելու

Կանադական Vangold Resources Limited եւ իռլանդական Blackstairs Energy ընկերությունները Հայաստանի տարածքում նավթի եւ գազի որոնման աշխատանքներ են կատարելու: Market Wire գործակալության փոխանցմամբ, Vangold Resources-ը 50 տոկոսի մասնաբաժնով միացել է Հայաստանի էներգետիկայի նախարարության եւ Blackstairs Energy-ի միջեւ ստորագրված` արտադրանքը համատեղ տնօրինելու մասին պայմանագրին:

Ածխաջրածնային հումքի որոնումներն իրականացվելու են 5 տարվա ընթացքում եւ ընդգրկելու են 13700 քառակուսի կիլոմետր տարածք, հիմնականում Հայաստանի կենտրոնական եւ հարավային շրջաններում:

Որոնման ժամկետը հետագայում կարող է երկարաձգվել: Աշխատանքը իրականացվելու է երեք հնարավոր հանքատեղիներում՝ Հոկտեմբերյանի, Արտաշատի եւ Սուրենավանի մերձակայքում: Ըստ մասնագետների, հետախուզական հորատման աշխատանքների արդյունքում ժամանակին նավթի եւ գազի հետքեր են նկատվել Գառնիում, Սեւանում, Վեդիում եւ մի շարք այլ վայրերում:

Market Wire-֊ը վկայակոչում է Vangold-ի գործադիր տնօրեն Դալ Բրյունելսենին, ով գոհունակություն է հայտնել այդ պայմանավորվածության վերաբերյալ, նշելով, թե Հայաստանը սահմանակցում է նավթի եւ գազի հարուստ պաշարներ ունեցող Իրանին եւ Ադրբեջանին: «Մենք ենթադրում ենք, որ այդօրինակ պաշարներ կարող են լինել նաեւ Հայաստանի հարավի ընդերքում»,֊ - ասել է Բրյունելսենը:

Blackstairs Energy մասնավոր ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Դուբլինում, Երեւանում գրասենյակ է բացում: Այն ղեկավարելու է փորձառու մենեջեր Թիմ Փափուորթը: Այժմ կազմվում է տեխնիկական եւ վարչական խումբը: Հայաստանում որոնման աշխատանքներն իրականացնող թիմի կազմում կլինի նաեւ Blackstairs-ի գործադիր տնօրեն Ջերարդ Շիհանը: Այդ թիմը նավթի եւ գազի որոնման արդյունավետ աշխատանքներ է կատարել Թունիսում, Եգիպտոսում, Նամիբիայում, Ռուսաստանում, Լիբիայում եւ մի շարք այլ երկրներում:


Արմեն Քոլոյան, Պրահա