Այսօր Խաղաղապահի միջազգային օրն է

Այսօր Խաղաղապահի միջազգային օրն է: Մայիսի 29-ը Խաղաղապահի օր հռչակելու մասին որոշումը Միավորված Ազգերի Կազմակերպությունը կայացրել է 2002 թվականին, թեեւ ավելի քան 60 տարի առաջ էր սկսել խաղաղապահ գործողություններ իրականացնել:

ՄԱԿ-ի խաղաղապահները, որոնք 1988 թվականին արժանացան Խաղաղության Նոբելյան մրցանակի, առաջին անգամ հակամարտող կողմերի միջեւ կանգնեցին 40-ականների երկրորդ կեսին` արաբ - իսրայելական առաջին պատերազմին վերջ տալու նպատակով:

Հետագայում խաղաղապահ գործողությունների աշխարհագրությունը ընդլայնվեց` Անգոլայից մինչեւ Քաշմիր, Բուրունդիից մինչեւ Արեւելյան Թիմոր:

ՄԱԿ-ի խաղաղապահները, որոնք տասնամյակների ընթացքում իրենց համազգեստների շնորհիվ «Երկնագույն սաղավարտներ» անվանումը ստացան, սահմանափակ ռազմական կարողություններով հանդերձ` կարողացան նպաստել մի քանի տասնյակ հակամարտությունների կարգավորմանը:

Այդ գործողությունների ընթացքում ՄԱԿ-ի բազմազգ ուժերը նաեւ զոհեր էին տալիս: Կանադայի, Հնդկաստանի ու Գանայի խաղաղապահ ստորաբաժանումները, մասնակցելով տասնյակ գործողությունների, ամենաշատ զոհերն են տվել` 100-ից ավելի:

ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացված ամենահաջողված ակցիաներն են համարվում իրան - իրաքյան պատերազմի ավարտը, Արեւելյան Թիմորից ինդոնեզական օկուպացիոն զորքերի դուրսբերման ապահովումը, նախկին Հարավսլավիայի տարածքում քաղաքացիական պատերազմի ավարտը:

Վերջին տարիներին, սակայն, ՄԱԿ-ի խաղաղապահները բավական հաճախ են հայտնվում նաեւ տարբեր սկանդալների կիզակետում: Դրանցից ամենաաղմկալին ծագեց 1995 թվականի ամռանը, երբ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող նիդերլանդական գումարտակը առանց կրակոցի սերբական ուժերին հանձնեց Անվտանգության միջազգային գոտի հռչակված Սրեբրենիցան` հեռանալով քաղաքից, ինչի հետեւանքով քաղաքի ավելի քան 8 հազար մահմեդական բնակիչներ գնդակահարվեցին:

Այդուհանդերձ, նույնիսկ նման դրվագների ի հայտ գալուց հետո էլ ՄԱԿ-ի խաղաղապահների ծառայություններից միջազգային հանրությունը չի հրաժարվում: Այս պահին ՄԱԿ-ի 100 հազար խաղաղապահներ տեղակայված են աշխարհի 15 պետություններում ու տարածաշրջաններում` այդ թվում Կոսովոյում, որտեղ 2004 թվականից ի վեր խաղաղապահ առաքելություն է իրականացնում նաեւ հայաստանյան գումարտակը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա