Վարչապետը անորոշ պատասխան է տալիս նոր կառավարության ձեւավորմանը վերաբերող հարցին

Հայաստանի վարչապետ, նորընտիր խորհրդարանում մեծամասնություն կազմող քաղաքական ուժի` Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ապագա կառավարության ձեւավորման շուրջ ընթացող խորհրդակցությունները դեռ ավարտված չեն:

«Հիմա էլ ընթանում են [կառավարություն ձեւավորելու շուրջ բանակցությունները]», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սերժ Սարգսյանը` չբացառելով որեւէ տարբերակ. - «Ամեն ինչ հնարավոր է: Քանի որ չկա վերջնական որոշում, ամեն ինչ հնարավոր է»:

Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանեց Սարդարապատի հուշահամալիրում, ուր Հանրապետության օրվա կապակցությամբ այցելել էր Հայաստանի ողջ քաղաքական ու կառավարական վերնախավը` նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:

Երկրի նախագահը հրաժարվեց պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին:


Աստղիկ Բեդեւյան