Վլադիմիր Բադալյանը հերքում է, թե իր միջնորդությամբ եղել է Ռոբերտ Քոչարյան - Ստեփան Դեմիրճյան հանդիպում

Նախկինում Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) անդամ, նախագահ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վլադիմիր Բադալյանը այսօր հերքեց հայաստանյան թերթերից մեկի հրապարակումը, թե իր միջնորդությամբ խորհրդարանական ընտրություններից առաջ տեղի է ունեցել ՀԺԿ-ի նախագահ Ստեփան Դեմիրճյանի եւ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպում, որի ընթացքում Դեմիրճյանն անսացել է նախագահի խորհրդին՝ միայնակ գնալ ընտրությունների:

«Բացարձակապես տեղյակ չեմ», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց Վլադիմիր Բադալյանը: - «Ստեփան Դեմիրճյանի հետ բավականին ժամանակ չեմ հանդիպում ընդհանրապես: Դա բացառվում է»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը նույնպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերքեց հրապարակումը` հայտարարելով. - «Պարոն Դեմիրճյանը ինձ զանգեց եւ շատ վրդովված ասաց` այդպիսի լկտի սուտ ես չէի պատկերացնում»:

«Տարիներ շարունակ վարկաբեկում էին կուսակցությունը, հիմա էլ եկել են հետին թվով, թե նա [Ստեփան Դեմիրճյանը] հանդիպել է Քոչարյանի հետ` Վլադիմիր Բադալյանի միջնորդությամբ: Բացարձակ հերյուրանք», - հավելեց Խաչատրյանը:


Ռուզան Խաչատրյան