Ամերիկացի կոնգրեսականը ողջունում է Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը

ԱՄՆ-ի Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունը, երկուշաբթի օրը հանդես գալով Ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ, ողջունել է Հայաստանին մայիսի 12-ին ազատ եւ արդար խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ:

«1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո նախկին խորհրդային հանրապետության դրական առաջին գնահատականն է սա», - հայտարարել է կոնգրեսականը` հույս հայտնելով, որ այս փաստը ավելի կխորացնի հայ - ամերիկյան հարաբերությունները եւ կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային եւ միջազգային ասպարեզներում:

Փալոունը ընտրությունների դիտորդական առաքելության հայտարարությունից մեջբերել է այն հատվածը, որտեղ ասված է, որ ընտրությունները համապատասխանում էին միջազգային չափանիշներին: Նա նաեւ գոհունակություն է հայտնել ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության դրական գնահատականի համար:

Կոնգրեսականը, ընդգծելով, որ «այս ձեռքբերումը դրական պատասխան է «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից վերհանված մտահոգություններին», հորդորել է հիմնադրամին Հայաստանին լիովին հատկացնել հինգ տարվա համար հաստատված 235 միլիոն դոլարը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես