Գետաշենի տեղամասային հանձնաժողովի անդամները մեղադրվում են քվեարկության արդյունքները կեղծելու մեջ

Արագածոտնի մարզի դատախազությունում ավարտվել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության արդյունքները կեղծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի արդյունքում թիվ 15 ընտրատարածքի` Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող 16-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի 9 անդամներին մեղադրանք է առաջադրվել:

Համաձայն Հայաստանի գլխավոր դատախազության պաշտոնական կայքէջում տեղադրված հաղորդագրության, նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրությունների ավարտից հետո թիվ 15 ընտրատարածքի Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում գտնվող 16-րդ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Էլոյանը համամասնական ընտրակարգով ընտրությունների ձայները հաշվելիս, անձնական շահագրգռվածությունից ելնելով, մի շարք կուսակցությունների օգտին օրինական քվեարկած` ընդհանուր թվով 92 քվեաթերթիկները դրել է «Բարգավաճ Հայաստան», «Դաշինք», Հանրապետական, Հայաստանի ժողովրդական, Միավորված աշխատանքային եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների օգտին քվեարկած եւ հաշվարկված քվեաթերթիկների վրա: Ապա՝ մարված 91 քվեաթերթիկներից 21 քվեաթերթիկի վրա նշում է կատարել Միավորված աշխատանքային կուսակցության, 20 քվեաթերթիկի վրա՝ «Օրինաց երկիր» կուսակցության, 12 քվեաթերթիկի վրա՝ «Դաշինք» կուսակցության, 38 քվեաթերթիկի վրա՝ Հանրապետական կուսակցության օգտին, եւ դրանք դրել է քվեարկած քվեաթերթիկների մեջ՝ ըստ կուսակցությունների:

Համամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքներն ամփոփելիս Էլոյանը ձայներն ակնհայտ սխալ է հաշվել եւ դրանք թելադրել հանձնաժողովի քարտուղար Գյուլնարա Գրիգորյանին, որն էլ, գիտակցելով այդ թվերի ակնհայտ կեղծ լինելը, դրանք նույնությամբ լրացրել է ամփոփիչ արձանագրության մեջ, ինչից հետո ինչպես Էլոյանը եւ Գրիգորյանը, այնպես էլ հանձնաժողովի նախագահի տեղակալ Հումբերտ Խաչատրյանը եւ հանձնաժողովի 6 անդամները ամփոփիչ արձանագրությունն ակնհայտ սխալ տվյալներով են հաստատել՝ դրանով իսկ կեղծելով քվեարկության արդյունքները:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա հանձնաժողովի 9 անդամներին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի հատկանիշներով: Մեղադրանքը հաստատվելու դեպքում կասկածյալներին սպասում 2-֊ից մինչեւ 5 տարի ազատազրկում:

Քրեական գործը ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու համար: