Թալինի քաղաքապետը հետ է վերցնում իր բողոքը

Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը, որի աջակիցները դեռ չորեքշաբթի օրը բազմամարդ հանրահավաք էին սկսել` պահանջելով վերահաշվարկել որոշ ընտրատեղամասերում մայիսի 12-ի քվեարկության արդյունքը, երեկ հետ է վերցրել իր դիմում-բողոքը:

Ըստ նախնական տվյալների, այդ ընտրատարածքում (թիվ 15) ձայների ոչ մեծ առավելությամբ հաղթել է գործող խորհրդարանի պատգամավոր, հանրապետական Խաչիկ Մանուկյանը:

Նրա մրցակից` Թալինի անկուսակցական քաղաքապետ Մնացական Մնացականյանը պահանջել էր վերահաշվարկել երեք ընտրատեղամասերում տրված քվեները:

«Իմ ձեռքին կար մի փաստաթուղթ, որ թիվ 15 ընտրատարածքում ընդգրկված` Արմավիրի [մարզի] տարածքի Գետաշեն գյուղում ընտրակեղծիքներ են եղել, համամասնականում կար մոտ 300-ի չափ անճշտություն` բոլոր քվեաթերթիկները հաշվարկվել էին Հանրապետական կուսակցության օգտին», - «Ազատություն» ռադիոկայանին դեռ առավոտյան ասել էր Մնացականյանի կողմնակիցներից «Հանրապետություն» կուսակցության Թալինի կառույցի ղեկավար Ժորա Սափեյանը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներից երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասացին, որ հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը հրաժարվում է գումարել հանձնաժողովի նիստ` նշված ընտրատեղամասերի պարկերը բացելու եւ քվեաթերթիկները վերահաշվարկելու համար:

«Ազատություն» ռադիոկայանին Ասատրյանը ասաց, որ հետաձգում է նիստը, քանի որ «քվորում չկա»:

«Քվորում կա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց հանձնաժողովում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչը: - «Հանձնաժողովի բոլոր անդամները տեղում են»:

Արդյունքների վերանայման ժամկետի ավարտից երկու ժամ առաջ հանձնաժողովի անդամներից 4-ը Ասատրյանին ներկայացրեցին իրենց դիմում-բողոքը` պահանջելով բացատրել հանձնաժողովի անգործությունը:

Դրանից հետո քաղաքապետի վստահված անձինք եւ հանձնաժողովի անդամներից մի քանիսը հանձնաժողովի նախագահի սենյակում խորհրդակցեցին, եւ Մնացականյանի վստահված անձանցից փոխքաղաքապետ Գաբրիել Ավետիսյանը գրավոր դիմում ներկայացրեց Ասատրյանին` պարզաբանելով, որ հետ են վերցնում իրենց բողոք-պահանջը:

Ավետիսյանը պատճառաբանեց, թե «ժամկետի ավարտին մեկ ժամ է մնացել, եւ ոչինչ չեն հասցնի անել»:

Ինքը` Մնացական Մնացականյանը հրաժարվեց մեկնաբանություններից:

Դրսում հավաքված նրա աջակիցները, թեեւ ասացին, որ քաղաքապետը իրենց խորհուրդ է տվել հեռանալ, չէին ցրվում:

«Մենք մեր մասին ենք մտածում, Մնացականյանի մասին չենք մտածում: Մեր ձայնը կորել է», - վրդովված ասաց նրանցից մեկը:

«Եթե այս հարցը կոնկրետ լուծում չստանա, ոչ մեկս չի մասնակցի նախագահական ընտրություններին», - հավելեց մեկ ուրիշը:


Իրինա Հովհաննիսյան