Սերժ Սարգսյան. «Կառավարությունը պարտավոր է միջոցներ գտնել վարարումների հետեւանքները վերացնելու համար»

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ կառավարությունը պարտավոր է եւ անպայման միջոցներ է գտնելու Հայաստանի տարբեր մարզերում վերջին օրերին տեղի ունեցած վարարումների հետեւանքները վերացնելու համար:

Նա նշել է, որ վնասները բավականաչափ մեծ են, ընդ որում եւ մասնավոր՝ քաղաքացիներին հասցված, եւ պետական ենթակառույցներին՝ կամուրջներին, ճանապարհներին:

Ինչպես հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը, Սերժ Սարգսյանը տարածքային կառավարման նախարարին, փրկարար ծառայությանը եւ գյուղատնտեսության նախարարությանը հանձնարարել է ձեւավորել եռակողմ հանձնաժողով՝ անպայման մասնակից դարձնելով նաեւ մարզպետներին, եւ ուսումնասիրություններն արագ ավարտելուց հետո, տեղեկություններ հաղորդել կառավարությանը, որպեսզի հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկվեն: