Մերձդնեստրի հարցում` Ռուսաստանի եւ Մոլդովայի գաղտնի համաձայնությո՞ւն

Վերջին շրջանում Մոսկվայի եւ Քիշնեւի դիվանագիտական շրջանակներում խոսում են Մերձդնեստրի հարցում ռուս - մոլդովական գաղտնի համաձայնության մասին: «Էկոնոմիստ»-ը անդրադարձել է այդ չճշտված հաղորդագրություններին` գրելով, թե «նմանօրինակ համաձայնության հետեւանքները կարող են աղետալի լինել, սակայն շատ մեծ է Եվրոպայի ամենաթշվառ երկրի տարածքային խնդիրը կարգավորելու գայթակղությունը»:

Պաշտոնական բանակցություններն ընթանում են «5 գումարած 2» ձեւաչափով՝ Մերձդնեստր, ԵԱՀԿ եւ Ուկրաինա` որպես բանակցող կողմեր, եւ ԱՄՆ ու Եվրամիություն` իբրեւ դիտորդներ:

Միացյալ Նահանգներին ու Եվրամիությանը խիստ անհանգստացրել են գաղտնի համաձայնության մասին լուրերը:

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան հարցը քննարկել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ. քննարկման արդյունքների մասին տեղեկություն չկա:

Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի տեղակալ Դեյվիդ Քրամերն ասել է, որ Մոլդովայի իշխանությունները հերքում են այդպիսի համաձայնագրի փաստը: «Մոլդովայի կառավարությունը հայտնել է, որ Ռուսաստանից չի ստացել որեւէ գրավոր ծրագիր, այդ հավաստիացումները տվել են նախագահ Վլադիմիր Վորոնինը, վերաինտեգրման եւ արտաքին գործերի նախարարներ Վասիլե Սովան ու Անդրեյ Ստրատանը», - ասել է նա:

Այնուամենայնիվ, ինչպես նշում է «Ազատություն» ռադիոկայանի վերլուծաբան Ռայան Քենեդին, ե’ւ Մոսկվայում, ե’ւ Քիշնեւում քաղաքագետները պնդում են, որ ասեկոսեներն անհիմն չեն: Հայտնի են գաղտնի պայմանագրի հիմնադրույթները՝ առաջարկվում է լուծարել Մոլդովայի եւ Մերձդնեստրի օրենսդիր մարմինները, այս տարվա նոյեմբերին անցկացնել խորհրդարանական նոր ընտրություններ, Մերձդնեստրի համար խորհրդարանում երաշխավորել 18-19 տեղ, կառավարությունում` նախարարական պաշտոններ, Մոլդովան հռչակել չեզոք երկիր եւ եւս 3 տարով երկարաձգել ռուսական զորքի տեղակայումը Մերձդնեստրի տարածքում:

Պաշտոնական Մոսկվայից արձագանք այս ծրագրի մասին լուրերին դեռ չկա:


Արմեն Քոլոյան, Պրահա