Մայիսի 12-ին հասարակական կարգը կպահպանեն շուրջ 8 հազար ոստիկաններ

Ազգային ժողովի ընտրությունների օրը` մայիսի 12-ին, հասարակական կարգի պահպանման աշխատանքներում ներգրավված կլինեն շուրջ 8 հազար ոստիկաններ: Այդ մասին այսօր հայտնել է Հայաստանի ոստիկանության պետ Հայկ Հարությունյանը` նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ զեկուցելով ընտրությունների բնականոն գործընթացն ապահովելու ուղղությամբ ոստիկանության աշխատանքների մասին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, Ռոբերտ Քոչարյանը հանձնարարել է օրենքով սահմանված ժամկետում ապահովել ընտրական ցուցակների ճշգրտումը եւ դրանց տրամադրումն ընտրական հանձնաժողովներին ու տեղամասերին:

Ոստիկանապետը վստահեցրել է, որ օրենքով սահմանված ժամկետում վերջնական ցուցակները պատրաստ կլինեն:

Հայկ Հարությունյանը ներկայացրել է նաեւ հանրապետությունում քրեական իրավիճակը եւ հասարակական լայն հնչեղություն ունեցող դեպքերի բացահայտման ուղղությամբ կատարվող աշխատանքները: