Մահացավ Մստիսլավ Ռոստրոպովիչը

Կյանքի 81-րդ տարում վախճանվել է թավջութակահար եւ դիրիժոր, ԽՍՀՄ-ի ժողովրդական արտիստ Մստիսլավ Ռոստրոպովիչը: Ինչպես տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, Ռոստրոպովիչը մահացել է այսօր մոսկովյան հիվանդանոցում` երկարատեւ հիվանդությունից հետո:

Ռոստրոպովիչը եւ նրա կինը` Գալինա Վիշնեւսկայան, 1960-ական թվականների վերջից հետապնդվում էին խորհրդային իշխանության կողմից` իրենց ամառանոցում այլախոհ գրող Ալեքսանդր Սոլժենիցինին ապաստան տալու համար:

1974 թվականին նրանք արտագաղթել են ԱՄՆ, իսկ 4 տարի անց իրավապաշտպան գործունեության համար զրկվել են ԽՍՀՄ-ի քաղաքացիությունից:

1977 թվականին Ռոստրոպովիչը դարձել է Վաշինգտոնի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորը եւ գեղարվեստական ղեկավարը` նվագախումբը ղեկավարելով 17 տարի:

1990 թվականին Ռոստրոպովիչին եւ նրա կնոջը վերադարձրել են խորհրդային քաղաքացիությունը:

Ստեղծագործական գործունեության տարիներին Ռոստրոպովիչը հազարավոր համերգներ է տվել աշխարհի բազմաթիվ երկրներում:

Համաշխարհային երաժշտարվեստում մեծ ավանդի համար Ռոստրոպովիչը արժանացել է ԽՍՀՄ-ի, Ռուսաստանի եւ այլ պետությունների բարձրագույն պետական պարգեւների, այդ թվում Ռուսաստանի «Հայրենիքի առջեւ վաստակի համար» առաջին եւ երկրորդ կարգի շքանշանների, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի:

Նրան շնորհվել են խորհրդային, ռուսաստանյան, արտասահմանյան եւ միջազգային բազմաթիվ մրցանակներ, այդ թվում ԽՍՀՄ-ի Պետական մրցանակ, Լենինյան մրցանակ, «Էդիսոն» միջազգային մրցանակ (Հոլանդիա), «Գրեմմի» (ԱՄՆ), ինչպես նաեւ աշխարհի մի շարք երկրների երաժշտական եւ արվեստի ակադեմիաների պատվավոր անդամի, մոտ չորս տասնյակ հեղինակավոր համալսարանների պատվավոր դոկտորի կոչումներ:

Ռոստրոպովիչը զբաղվել է նաեւ բարեգործությամբ` բազմաթիվ բարեգործական համերգներ է տվել, իսկ 1992 թվականին Վաշինգտոնում ստեղծել է «Վիշնեւսկի - Ռոստրոպովիչ» հիմնադրամը` Ռուսաստանում մանկական առողջապահության ամրապնդմանը նպաստելու նպատակով:

1998 թվականին Ռոստրոպովիչը արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչմանը` հանուն խաղաղության իր պայքարի համար:

Անցած ամիս Մոսկվայում կայացել էր Մստիսլավ Ռոստրոպովիչի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական մեծ համերգ: