Մամուլի տեսություն

«Գոլոս Արմենիի» թերթը այսօր ոչ միայն շարունակել է տպագրել Արթուր Բաղդասարյանի եւ բրիտանացի դիվանագետի գաղտնալսված զրույցը «Մարկո Պոլո» ռեստորանում, այլեւ հայտնում է դիվանագետի անունը. Ռիչարդ Հայդ՝ Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան: Բրիտանացին հարցնում է. - «Փոփոխությունները նկատելի՞ են, հիմա դուք ավելի մե՞ծ հնարավորություն ունեք քարոզելու հեռուստատեսությամբ»: Արթուր Բաղդասարյան. - «Նրանք գիտեն, որ ես միջազգային որոշ կապեր ունեմ: Օրինակ, ԱՄՆ֊-ի դեսպանատնից ամեն օր կամ օրումեջ ինձ զանգահարում են եթերի հարցով: Եվ իմանալով, որ նման հետաքրքրություն կա, նրանք ինձ մի օր թույլ տվեցին խոսել ԱԼՄ-֊ով»: Բրիտանացին կատակում է. - «Կարծում եմ, դուք պետք է երգեիք: 6֊-9 ամիս առաջ ես հանդիպեցի Ծառուկյանի հետ եւ կատակով ասացի նրան՝ թե գնա, երգիր ԱԼՄ-֊ով: Նա կատակը չհասկացավ, եւ նրան թվաց, թե ես իրեն ծաղրում եմ: Ինձ թվաց, թե վերջս եկել է: Դրանից հետո մենք չենք հանդիպել: Ես որոշել եմ լքել Հայաստանը մինչեւ նա նախագահ կդառնա»: Ի դեպ, թերթը հայտնում է, որ զրույցի ընթացքում խոսվել է նաեւ այն մասին, թե ով ում սիրեկանը կամ սիրուհին է, ոչ շահեկան գնահատականներ են տրվել այս կամ այն անձանց: «Բայց այդ մասը մենք չենք պատրաստվում հրապարակել», -֊ խոստանում է «Գոլոս Արմենիի»-֊ն:

«Ժամանակ Երեւան»֊-ը այս գաղտնալսման հրապարակման կապակցությամբ գրում է. - «Փաստորեն, այսուհետ ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր գաղտնի խոսակցությանն ունկնդիր չեն զանազան անցանկալի ականջներ: Ոչ ոք ապահովագրված չէ, որ հասարակական վայրում, լինի սրճարան, թե այգի, ապօրինաբար չեն ձայնագրում իրեն եւ ամիսներ անց այդ ձայնագրությունը չի տարածվելու ողջ երկրով: Ոչ ոք այսուհետ վստահ չի կարող լինել, որ իր բնակարանում «ժուչոկ» տեղադրված չէ եւ չեն լսում իր բոլոր հեռախոսազրույցները, չեն հետեւում իր բոլոր քայլերին»:

«Առավոտ»֊-ն իր խմբագրականում վերլուծում է, թե ով ում է ձայն տալու ընտրությունների ժամանակ. - «Հանրապետական կուսակցությանը ձայն են տալու բոլոր պետական ծառայողները՝ բանակից սկսած, համատիրություններով վերջացրած, բոլոր նրանք, ովքեր օգտվում են կամ կախում ունեն պետական ապարատից: «Բարգավաճ Հայաստան»֊ի համար քվեարկելու են նրանք, ում Գագիկ Ծառուկյանը երբեւէ «բարեգործություն» է արել, գումարած նրանք, ովքեր հավատում են այն հեքիաթին, իբր պարոն Ծառուկյանը «կազատի մեզ ղարաբաղցիներից»: Դաշնակցության ընտրազանգվածը այն երիտասարդներն են, ովքեր շարունակում են երազել Ստամբուլը արյան ծով դարձնելու մասին, գումարած նրանք, ովքեր կախում ունեն վերջերս ձեւավորված դաշնակցական նոմենկլատուրայից: «Օրինաց երկրին» համակրում է միջին խավի եւ ոչ նոմենկլատուրային մտավորականության մի մասը: «Ազգային միաբանությանը» ձայն կտան նախեւառաջ կարոտախտով տառապող տատիկ֊-պապիկները՝ նրանք, ովքեր 12֊-13 տարի առաջ քվեարկում էին կոմունիստների օգտին»:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «168 ժամ» թերթում փաստում է. - «Այս ընտրությունների նորությունն այն է, որ դիմությունը դարձել է ամենախոշոր գործատուն: Հայաստանում 44 ընտանիք տնօրինում է համախառն ներքին արդյունքի արտադրության 55 տոկոսը: Հասկանո՞ւմ եք, եթե այդ 44 ընտանիքը կարողանում է պայմանավորվել քաղաքական իշխանությունը կիսելու շուրջ, ապա նրանց դեմ դժվար է պայքարել: Այսինքն այսօր արդեն իշխանություններն ընտրողների վրա ազդում են ոչ միայն դիմելով ադմինիստրատիվ ռեսուրսին՝ բանակ, պետական ապարատ, բյուջետային միջոցներ եւ այլն, այլեւ որպես գործատու»:

«Հայք»-֊ը գրում է. - «Այսօրվանից սկսած Շուշան Պետրոսյանը, Արամոն, Սյուզան Մարգարյանը, Սիրուշոն, Զարուհի Բաբայանը, Արամեն, Արսենը, Արսեն Գրիգորյանը, Արմինկան, Ալլա Լեւոնյանը, Ֆորշը եւ այլ «աստղեր» ամբողջ հանրապետությունով երգարշավ կսկսեն՝ աջակցելու իրենց նախընտրած Հանրապետական կուսակցությանը: Երգիչները բացատրել են, որ աջակցում են հանրապետականներին, քանի որ կիսում են կուսակցության գաղափարախոսությունը: Դե, իհարկե, ով նայի Ֆորշի դեմքին ու միանգամից չհասկանա, որ նա իսկական նժդեհական է: Այս երգիչների ցանկում փոքր-ինչ արտառոց է թվում, թերեւս, Արամո եւ Սիրուշո անունները. նրանց անվան վերջավորությունը գոնե նրանց պիտի պարտավորեցներ սատարել Դաշնակցությանը: Հիշեք՝ Դրո, բյուրո, Կիրո, Ափո եւ այլն»:


Արմեն Դուլյան