Գրիշա Վիրաբյանը Հովիկ Աբրահամյանին եւ նրա եղբորը մեղադրում է հակաիրավական գործողությունների մեջ

Շաբաթ երեկոյան Արտաշատի շենքերից մեկի 6-րդ հարկից պոկել եւ ներքեւ են շպրտել ցուցանակը, որն ազդարարում էր քաղաքն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված պատգամավորության թեկնածու Գրիշա Վիրաբյանի նախընտրական շտաբի վայրը:

«Շաբաթ առավոտյան մենք ցուցանակը տեղադրեցինք: Երեկոյան ժամը 17:40-ի սահմաններում Աբրահամյանների ընտանիքի կողմից օգտագործվող «էլիտար ջոկատներից» մեկը հարձակվել է մեր շտաբի վրա, պոկել տանիքի ճակատային մասում փակցված ցուցանակը, նետել ներքեւ եւ փորձել է գողանալ: Շտաբի աշխատակիցները նկատել են, եւ այդ մարդիկ փախել են», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Գրիշա Վիրաբյանը` պարզաբանելով. - «Էլիտար» եմ ասում, որովհետեւ այդ խումբը միշտ օգտագործվում է ընտրությունների ժամանակ»:

Խումբը, թեկնածուի խոսքերով, «գլխավորում էր «Գազի Հովո» կոչվածի որդին` Վիլենը»:

«Ինձ հաճելիորեն զարմացրեց ոստիկանության եւ դատախազության օպերատիվ աշխատանքը, որոնք անմիջապես հայտնվեցին տեղում` մեր ահազանգից հետո, եւ սկսեցին քննչական գործողություններ իրականացնել», - նշեց Գրիշա Վիրաբյանը:

«Աբրահամյանների ընտանիք» ասելով` պատգամավորության թեկնածուն ի նկատի ունի «տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին եւ նրա եղբորը` Հենրիկ Աբրահամյանին, ով քվեարկվում է թիվ 17 ընտրատարածքում». - «Իրենք տեսնում են, որ իրավիճակին այլեւս չեն տիրապետում, եւ քարոզարշավի ընթացքում տեխնոլոգիաներ են օգտագործում` բազմաթիվ անգամներ հայտարարելով, թե ես հանել եմ իմ թեկնածությունը: Եվ իրենց ձեռք չէր տալիս, որպեսզի այդ ցուցանակը այդտեղ գտնվեր»:

Գրիշա Վիրաբյանը պնդեց, թե «ստույգ ինֆորմացիա ունի, որ դա հանձնարարված է եղել, այսինքն` այդ գործողություններին տեղյակ է եղել Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, որը գիշերը անմիջապես ոստիկաններին պատասխանել է, թե իբր արգելված տեղում է փակցված եղել «ցուցապաստառը»:

«Բայց դա ցուցապաստառ չէ. որտեղ գտնվում է իմ շտաբը, այդտեղ էլ պետք է լինի այդ ցուցանակը», - ընդգծեց պատգամավորության թեկնածուն` հավելելով. - «Ոչ ոք չի կարող արգելել դա: Ընդ որում` եթե դա արգելված տեղում էր, իրենք պետք է պաշտոնապես ինձ դիմեին, որպեսզի ես դա հանեի»:

Նա հայտնեց, որ փաստի առնչությամբ կան բերման ենթարկվածներ:

«Ես ասել էի նախկինում, որ եթե իմ մարդկանց նկատմամբ բռնություններ կիրառվեն, ես կանեմ լուրջ բացահայտումներ: Հիմա ես պատրաստվում եմ դա անել», - հայտարարեց Գրիշա Վիրաբյանը` պարզաբանելով. - «Դրանք վերաբերում են տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին եւ նրա եղբորը` իրենց աշխատանքային գործունեության, իրենց կենսագրության դրվագներ, որոնց մասին հանրությունը դեռեւս չգիտի, որոնց պատասխանատուն պետք է լինի Ռոբերտ Քոչարյանը, վարչապետը: Ես պատրաստվում եմ նման կարգի բացահայտումներ անել»:


Ռուզաննա Ստեփանյան