Վրաստանի վարչապետի վիրահատությունը հաջող է անցել

Բժիշկները «հաջող» են անվանել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելիի սրտի վիրահատությունը, որը կատարվել է հինգշաբթի օրը` ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքի Սուրբ Ղուկաս հիվանդանոցում:

Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է հիվանդանոցի ներկայացուցիչը, վրաց վարչապետը իրեն լավ է զգում, սակայն դեռ մոտ 10-12 օր նա պետք է մնա հիվանդանոցում:

Նողաիդելիին վիրահատած սրտավիրաբույժ Չարլզ Ֆրեյզերը հայտնել է, որ վիրահատությունը բարդ էր: «Մենք կարողացանք հասնել մեր նպատակին, եւ ես լի եմ լավատեսությամբ», - ասել է նա:

Վրաստանի 43-ամյա վարչապետը, ով վաղուց սրտի հետ կապված խնդիրներ ուներ, ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ավարտին որոշել է հետազոտվել Հյուսթոնի հիվանդանոցում: Հետազոտությունից հետո բժիշկները ասել էին, որ նա կարիք ունի վիրահատության` փոխելու համար սրտի երկու փականները, եւ Նողաիդելին որոշել էր չհետաձգել այն: