Բաղդասարյանը վստահ է, ու «Օրինաց երկիր»-ը ներկայացված կլինի ընտրվելիք ԱԺ-ում

«Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ իր գլխավորած կուսակցությունը մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարելու խնդիր չունի եւ անպայման ներկայացված կլինի ապագա Ազգային ժողովում:

«Օրինաց երկիր»-ը չի կարող չլինել Ազգային ժողովում. դա ֆանտաստիկայի ժանրից է», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց Բաղդասարյանը:

Ասուլիսի ընթացքում «Օրինաց երկիր»-ի առաջնորդը բարձրաձայնեց իրենց դժգոհությունը իշխանություններից, որոնք, նրա խոսքերով, խոչընդոտում են իրենց քարոզարշավին (շատ քիչ տեղ են հատկացնում իրենց ցուցապաստառներին ու քարոզչական վահանակներին, տեղական իշխանությունների ներկայացուցիչները, օրինակ, Սպիտակում, մարդկանց արգելում են մասնակցել «Օրինաց երկիր»-ի նախընտրական հանդիպումներին):

Կուսակցության առաջնորդը ասաց, որ առաջիկայում հանդիպումներից բացի, կանցկացնեն նաեւ հանրահավաքներ: Կուսակցությունը ակտիվ աշխատանք է տանում ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչության հետ` ընտրողների ցուցակներում առկա անճշտությունները վերացնելու ուղղությամբ:

Նա պնդեց, որ նման անճշտությունները շատ են. - «Շենքեր կան, որոնք ընդհանրապես գոյություն չունեն... Մենք դա տվել ենք [անձնագրերի եւ վիզաների վարչությանը], սպասում ենք պատասխանի»:


Ռուզաննա Ստեփանյան