Մամուլի տեսություն

(շաբաթ, 14-ը ապրիլի)

«Չորրորդ իշխանություն»-ը գրել է. - «Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե պաշտպանության նոր նախարարի անունը կասի ապրիլի 24-֊ին: Նկատենք, որ պաշտպանության նախարարին ոչ թե վարչապետն է նշանակում, այլ նախագահը, այնպես որ՝ Սերժ Սարգսյանը տեսականորեն չի կարող որեւէ հաստատ բան ասել: Բայց նրա նախագահական «զամաշկաներն» արդեն աչք են ծակում, ու նա այլեւս ձեւականությունների հետեւից չի ընկնում»:

Ըստ «Հայք»-ի հրապարակման, «բոլորի համար էլ պարզ է, որ «Բարգավաճ Հայաստան»-֊ը Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կուսակցությունն է, սակայն վերջին շրջանում ԲՀԿ-ն փորձում էր ամեն կերպ տարանջատվել գործող իշխանություններից, եւ նրանք առիթը բաց չէին թողնում հայտարարելու, որ ԲՀԿ-ն ոչ իշխանություն է, ոչ էլ ընդդիմություն, այսինքն` իրենք մաքուր ուժ են»: Իսկ «նման պայթյուններ ու հրկիզումներ կազմակերպելը», հոդվածագրի համոզմամբ, «ամենակարճ ճանապարհն է՝ հալածյալի կարգավիճակում հայտնվելու համար»: «Չնայած, անկախ այդ ամենից, միայն այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան»-֊ի համամասնական ցուցակում ընդգրկված են նախագահի նստավայրի մի շարք աշխատակիցներ, բավական է, հերթական անգամ համոզվելու, թե ո՞ւմ է ծառայում այդ կուսակցությունը», - ամփոփում է հոդվածի հեղինակը:

«Ժամանակ Երեւան»-ը շեշտադրել է. - «Այսօրվա մասնատված եւ տարանջատված ընդդիմությունը ստիպված է խոստովանել, որ նախընտրական բազմապիսի թվաբանական հաշվարկներն այս անգամ չեն աշխատի, քանի որ իրենց ընդդիմադիր անվանող 20 կուսակցություններից եւ ոչ մեկը իրականում 5 տոկոսի շեմը հաղթահարելու ռեալ շանսեր չունի»: «Եթե նույնիսկ ելնենք այն ենթադրությունից, որ բողոքական ընտրազանգվածը կազմում է ընտրողների 80 տոկոսը, եւ ընդդիմադիր 20 կուսակցություններից յուրաքանչյուրին միջինը ձայների 4 տոկոսն է հասնում, ապա ձայների ողջ պաշարը տալով` արդյունքում որպես պարգեւ բողոքական ընտրազանգվածը զրո կստանա», - եզրակացրել է թերթը:

Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի աշխատակազմի ներկայացուցիչ Գայանե Ռաֆայելյանը «Առավոտ»֊-ին հայտնել է, որ նախորդ օրը զանգահարել է Վանաձորի ավտոդպրոցի, նաեւ թիվ 2, թիվ 6, թիվ 8, թիվ 9, թիվ 18, թիվ 19 դպրոցների տնօրեններին՝ պայմանավորվելու ապրիլի 16-֊ից սկսյալ, իրենց հարմար ժամանակ պարոն Դալլաքյանի հանդիպումները կազմակերպելու շուրջ, սակայն բոլորը մերժել են. - «Պատասխանում էին՝ մարզպետին ասեք, որ թողնի: Մինչդեռ թիվ 30 ընտրատարածքի մյուս թեկնածուն այդ բոլոր դպրոցներում հանդիպումներ է ունեցել եւ բաժանել նվերներ»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, «թիվ 19 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցված գեներալ Սեյրան Սարոյանի կողմնակից մի քանի կանայք օրերս ծեծել են Ազգային ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանի կողմնակիցներին, ոստիկանությունում, սակայն, այս փաստի առթիվ քրեական գործ չի հարուցվել»: «Հետաքրքիր է, որ ինչպես նշում են մեր աղբյուրները, ծեծող կանանց թիվը ավելի փոքր է եղել, քան ծեծվողներինը: Իսկ ծեծը սկսվել է առանց որեւէ պատճառի: Պարզապես, գեներալի կողմնակից կանայք իմացել են, որ դիմացինները Հակոբյանի մերձավորներից են եւ վրա են տվել նրանց: Տուժածներն աշխատում են ստվերում մնալ: Թերեւս, նրանք կարգին վախեցած են», - գրել է թերթը:


Արմեն Դուլյան