Economist Intelligence Unit. «Քոչարյանը մտադիր է հետագայում էլ առանցքային դեր խաղալ Հայաստանի իշխանական համակարգում»

«Ռոբերտ Քոչարյանը նախագահական լիազորությունների ավարտից հետո էլ մտադիր է առանցքային դեր խաղալ Հայաստանի իշխանական համակարգում», - կարծիք են հայտնել բրիտանական Economist Intelligence Unit-ի մասնագետները:

Հետազոտական խմբի անդամների` «Հայաստանյան պղտոր քաղաքականությունը» վերնագրով հոդվածը հրապարակվել է Economist հանդեսի էջերում:

Խմբի անդամների գնահատմամբ` առաջիկա քվեարկությունը մեծ կարեւորություն ունի հատկապես նախագահ Քոչարյանի եւ նորանշանակ վարչապետ Սերժ Սարգսյանի համար. - «Նրանք պատրաստվում են խորհրդարանում զգալի մեծամասնություն ստանալ` կեղծիքների, ընտրողների կաշառման ու լրատվամիջոցների նկատմամբ սահմանած հսկողության միջոցով: Սա է պատճառը, որ շատերը բավական թերահավատորեն են գնահատում իշխանավորների այն պնդումները, թե այս ընտրություններով վերջ կդրվի հայաստանյան քվեարկությունների կեղծման հետխորհրդային պատմությանը»:

Անդրադառնալով ընտրությունների հնարավոր ելքին` խմբի անդամները արձանագրում են. - «Իրավիճակում, երբ հանրային կարծիքի հետազոտության հավաստի արդյունքներ գործնականում գոյություն չունեն, դժվար է գնահատել խորհրդարանի տեղերին հավակնող թեկնածուների շանսերը: Բայց նույնիսկ ժողովրդականություն վայելելը հաջողության երաշիք չէ: Եթե խոսենք առավելագույն թվով քվեներ հավաքելու կարողության մասին, ապա միանձնյա առաջատարն այս առումով, իհարկե, Հանրապետական կուսակցությունն է»:

Քաղաքական այս ուժը բնութագրված է որպես «տիպիկ հետխորհրդային իշխանության կուսակցություն, որին մաս են կազմել բարձրաստիճան պաշտոնյաները, քաղծառայողներն ու իշխանության հետ ունեցած կապերից կախման մեջ գտնվող գործարարները»:

Նշելով, որ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո դառնալով Հանրապետականի միանձնյա ղեկավարն ու փաստացի վերահսկողություն սահմանելով հայաստանյան բիզնես էլիտայի հանդեպ, Սերժ Սարգսյանը դարձել է Քոչարյանի իրավահաջորդ դառնալու ամենատրամաբանական թեկնածուն` Economist-ի հետազոտական խումբը հարց է բարձրացնում` «Որքանո՞վ ուժեղ նախագահ է ուզում տեսնել Քոչարյանն իրենից հետո»:

Հետազոտության հեղինակները հիշեցնում են, որ գործող նախագահը ավելի վաղ հայտարարել էր, թե չի պատրաստվում հանրապետության ամենաերիտասարդ թոշակառուն դառնալ: Նրանք ենթադրում են, որ այդպիսով Քոչարյանը ցանկանում է ազդել կառավարության վարած քաղաքականության վրա` որեւէ պաշտոն զբաղեցնելով:

«Ավելի հաճախ են խոսում, որ նա կհավակնի վարչապետի պաշտոնին», - գրում են Economist-ի հետազոտական խմբի անդամները: - «Իր քաղաքական ապագան Ռոբերտ Քոչարյանը փորձում է ապահովագրել` հովանավորելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Փորձագետները առայժմ վիճում են` «Բարգավաճ Հայաստան»-ը ստեղծվել է որպես հակակշի՞ռ Հանրապետական կուսակցությանը, թե՞ արդեն գոյություն ունեցող իշխանական ճամբարի հավելյալ մի հզոր հատվածն է»:

Անդրադառնալով հայաստանյան ընդդիմությանը` հետազոտողները արձանագրում են. - «Երեք հիմնական ընդդիմադիր ուժերը ղեկավարում են Քոչարյանի 2003-ի թվականի հիմնական հակառակորդներ Ստեփան Դեմիրճյանն ու Արտաշես Գեղամյանը, ինչպես նաեւ խորհրդարանի նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանը: Ընդդիմադիրները զգացողություն ունեն, թե «բավարար ժողովրդականություն են վայելում, որպեսզի ընտրություններին միայնակ մասնակցեն»: 5 տոկոսի շեմը հաղթահարելու շանսեր, ըստ հրապարակման, ունեն նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» ու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները:

Իսկ ի՞նչ դիրքորորշում կորդեգրի Արեւմուտքը, եթե ընտրությունները Հայաստանում այնուամենայնիվ կեղծվեն. այս կապակցությամբ Economist-ի հետազոտական խումբը ենթադրում է. - «Պաշտոնական Երեւանին թե' Միացյալ Նահագները եւ թե' Եվրամիությունը զգուշացրել են, որ կեղծիքների դեպքում կարող են բացասական հետեւանքներ լինել: ԱՄՆ-ը, մասնավորապես, ընտրությունների ընթացքը կապում է «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի շրջանակում 235 միլիոն դոլարի տնտեսական օգնության տրամադրման հետ»:

Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ Ղարաբաղյան բանակցություններին մասնակցող ամերիկացի եւ մյուս երկրների դիվանագետները նշում են, որ կողմերը կարող են խաղաղ համաձայնագիր մշակել Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո` մինչեւ 2008 թվականի հայաստանյան, ապա նաեւ` ադրբեջանական նախագահական ընտրարշավը. - «Հաշվի առնելով Ղարաբաղում խաղաղության հասնելու այս շանսը, Վաշինգտոնը կարող է խոչընդոտներ չհարուցել Քոչարյանի վարչակազմի համար»:

«Բայց անգամ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրով հատկացվող շատ անհրաժեշտ գումարներից զրկվելու եւ Եվրամիության «Նոր հարեւանության» ծրագրից դուրս մնալու հեռանկարը հազիվ թե ստիպի Հայաստանի իշխանություններին ընտրություններն անցկացնել արեւմտյան չափանիշներով», - եզրակացնում է Economist-ի հետազոտական խումբը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա