Ժպիտի շքանշան՝ 2400 հրեա երեխա փրկած կնոջը

Լեհաստանում շնորհվող Ժպիտի շքանշանով պարգեւատրվել է 97-֊ամյա Իրենա Սենդլերը, որը Վարշավայի նացիստական օկուպացիայի տարիներին 2400 հրեա երեխա է փրկել:

Սենդլերը կեղծ փաստաթղթերով երեխաներին դուրս էր բերում հրեական գետոյից եւ տեղավորում լեհական ընտանիքներում: Գետոյի մնացած բնակիչները ֆաշիստների կողմից ոչնչացվել են Օսվենցիմում եւ համակենտրոնացման այլ ճամբարներում:

Մոտ 40 տարի առաջ հիմնադրված Ժպիտի շքանշանը՝ աշխարհում միակ շքանշանն է, որը մեծահասակներին շնորհվում է երեխաների կողմից:

Անցած դարի 80֊-ականների սկզին Ժպիտի շքանշանը շնորհվել է հայաստանցի մանկավարժ, պրոֆեսոր Աշոտ Տեր֊-Գրիգորյանին, որի հեղինակած «Այբբենարան»-ով սփյուռքում տասնամյակներ շարունակ դասավանդվել է մայրենին:

Ժպիտի շքանշանակիր են դարձել նաեւ Հռոմի պապ Հովհաննես Պողոս երկրորդը եւ մայր Թերեզան: