«Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուի կողմնակիցները Արթիկում ծեծի են ենթարկել քաղաքացի Պողոսյանին

Երեկ ցերեկը Արթիկի շուկայի տարածքում ծեծի է ենթարկվել քաղաքացի Սմբատ Պողոսյանը, որը մարմնական վնասվածքներով երեկոյան տեղափոխվել է Գյումրիի մարզային հիվանդանոց:

Ըստ Պողոսյանի, իրեն ծեծի են ենթարկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից թիվ 36 ընտրատարածքում առաջադրված թեկնածու, ԲՀԿ անդամ Մուշեղ Պետոյանի կողմնակիցները` վերջինիս նախընտրական ցուցապաստառը պատռելու համար:

Տուժողը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ իր ոտքը պարզապես սայթաքել էր եւ պատահաբար «մի փոքր» վնասվել էր Պետոյանի նախընտրական ցուցապաստառը:

Նա փոխանցեց նաեւ, որ ինքը բազմիցս բողոքել էր իր շենքի առաջին հարկում գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակի աշխատակիցներին` մշտապես աղմկելու եւ շենքի բնակիչների հանգիստը խանգարելու համար: Պողոսյանը հավելեց, որ ինքն անկուսակցական է եւ չի կարծում, թե կատարվածը քաղաքական դրդապատճառներ կարող է ունենալ:

Գյումրիի մարզային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Անդրանիկ Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Պողոսյանի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Հարուցվել է քրեական գործ` խուլիգանություն հոդվածի հատկանիշներով:


Սաթենիկ Վանցյան, Գյումրի