Իրանի նախագահը հանդիպում է լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ

Այսօր Թեհրանում տեղական ու միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կհանդիպի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: Ակնկալվում է, որ Իրանի նախագահի գլխավոր ասելիքը վերաբերելու է մարտի 23-ին Իրաքի հետ սահմանին ձերբակալված բրիտանացի ծովայինների ճակատագրին:

Բրիտանական ռազմանավի 15-հոգանոց անձնակազմը իրանցի սահմանապահների կողմից գերեվարվել է Իրանի ծովային սահմանը խախտելու մեղադրանքով:

Իրանի պետական հեռուստատեսությունը երկուշաբթի օրը տեղեկացրեց, թե բրիտանական նավի անձնակազմը լրիվ կազմով խոստովանել է, որ իրոք սահմանի խախտում տեղի է ունեցել:

Իրանցի զինվորականները բռնագրավել են նաեւ բրիտանական նավում տեղադրված մինի-համակարգիչները, որոնցում զետեղված տվյալները, ըստ պաշտոնական Թեհրանի, միանշանակորեն ապացուցում են, որ բրիտանացիների համար Իրանի հետ սահմանը խախտելը արդեն «ավանդույթ» էր դարձել:

Ահմադինեջադի այսօրվա ասուլիսը կկայանա միջազգային աննախադեպ ճնշման ֆոնին:

Միացյալ Թագավորության արտգործնախարար Մարգարեթ Բեքեթը Lոնդոնում հայտարարել է, որ Թեհրանին արդեն իսկ պաշտոնական բողոքի նոտա է հղվել, սակայն պատասխան դեռ չկա` Իրանում տոնական օրեր էին:

Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշը միանշանակորեն պահանջել է ազատ արձակել բրիտանացի զինվորականներին` նրանց անվանելով ոչ թե ռազմագերիներ, այլ պատանդներ:

Եվրամիությունը` ի դեմս նախագահող երկիր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, նույնպես հայտարարել է, թե պաշտոնական Lոնդոնը վայելում է Եվրոպայի լիակատար աջակցությունը:

Այս ճնշումների պայմաններում միջազգային հանրությունը սպասում է` արդյոք Ահմադինեջադը հաշտության ձեռք կմեկնի՞ Արեւմուտքին, թե՞ այսօրվա նրա հայտարարությունները ավելի են սրելու առանց այն էլ լարված իրավիճակը:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա