Մամուլի տեսություն

(Շաբաթ, 24-ը մարտի)

«168 ժամ» թերթի փոխանցմամբ, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը երեկ պարզաբանումներ է ներկայացրել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի Մարդու իրավունքների մասին զեկույցում Հայաստանի վերաբերյալ ձեւակերպումների առնչությամբ. - «ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը խոսել է մեզ եւ Վաշինգտոնի հետ՝ հստակորեն արտահայտելով զեկույցի շարադրանքի վերաբերյալ իր հիասթափությունը։ Մենք հասկանում ենք օգտագործված արտահայտությունների հետ կապված մտահոգությունները, սակայն 2006 թվականին արդեն հրապարակված զեկույցը փոփոխել չենք կարող»։ Այնուհետ ԱՄՆ-ի դեսպանատան պարզաբանող փաստաթղթում շեշտված է. - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը մնում է անփոփոխ։ ԱՄՆ-ը շարունակում է պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում»։

Հայաստանյան ընտրությունների եւ Ռուսաստանի շահերի փոխհարաբերության խնդրին անդրադառնալով` «Քաղաքականություն» հիմնադրամի նախագահ Վյաչեսլավ Նիկոնովը «Գոլոս Արմենիի» թերթի հոդվածում մասնավորապես ենթադրել է. - «Պետության ղեկավար Ռոբերտ Քոչարյանը չի կարող հաջորդ ժամկետին առաջադրվել։ Որպես նրա ժառանգորդ թե շարքային քաղաքացիները եւ թե վերնախավը տեսնում են Սերժ Սարգսյանին։ Սարգսյանը ձեռնտու է նաեւ Ռուսաստանին։ Ընդ որում, նա լուրջ ալերգիա չի առաջացնում նաեւ Արեւմուտքում», - պնդել է Նիկոնովն ու հավելել. - «Սակայն, որպեսզի Սարգսյանը կարողանա իրապես հավակնել նախագահի պաշտոնին, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի խորհուրդը նա ղեկավարում է, պետք է կարողանա ցույց տալ իր գերազանցությունը խորհրդարանական ընտրություններում։ Առայժմ, սակայն, նախընտրական մրցավազքի ինտրիգը զարգանում է բավականին անհասկանալի կերպով, եւ հանրապետականների հաջողությունը երաշխավորված չէ»:

«Հայոց Աշխարհ» թերթն այսօր անդրադառնալով «Այլընտրանք»-ի երեկվա հանրահավաքին, նկատել է. - «Երեկվա իմպիչմենտական միտինգը անցավ «էքստրեմալ պայմաններում», բայց «էմոցիոնալ բարձր նոտայի վրա»։ Բանն այն է, որ սրանք, ի հեճուկս հանցավոր վարչախմբի, որոշել էին «ազատության» չարտոնված հանրահավաք անցկացնել հե՛նց Թատերական հրապարակում»։ «Դե, իսկ Մատենադարանի հարակից տարածքը «Իմպիչմենտի» հրամանատարների քիմքին սազական չէ, քանզի, ի՞նչ իմանաս, գուցե հենց մատենադարանային հարթա՞կն է մեղավոր, որ միտինգները, որպես կանոն, ծիծաղելիորեն սակավամարդ են», - հեգնել է թերթն ու հավելել. - «Այդպիսով հայրենի մրրկահավերը թերեւս նաեւ հույս ունեին արժանանալու իրավապահների ուշադրությանը։ Այսինքն՝ ստիպելու, որ իրենց դեմ ուժային մեթոդներ կիրառեն՝ ցրելով «Այլընտրանք»-ի հաստիքային ցուցարարների 200-հոգանոց ստվար բազմությունը։ Ավաղ, ՆԳ «ստորաբաժանումները» չէին արձագանքել հրավերին։ Ու չնայած հռետորների մարտաշունչ ելույթներին եւ ժամը 17-ից մինչեւ ժամը 19-ը միտինգ անելու սպառնալիքներին, միջոցառումը հազիվ 40 րոպե տեւեց»։

«Ժամանակ Երեւան» թերթը փոխանցել է. - «Ռոբերտ Քոչարյանի պատվիրակության կազմում Ֆրանսիա մեկնած եւ Նիցցայի կազինոներից մեկում 1,2 մլն եվրո տանուլ տված տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հարցը դարձել է ՀՀԿ-ի վերանախավի քննարկման առարկա։ Հանրապետականները համոզված են, որ իրենց կուսակցության նախընտրական շտաբի պետ Աբրահամյանը իր գործողություններով կարծես թե միտումնավոր վարկաբեկում է առանց այն էլ փայլուն համբավ չունեցող կուսակցությանը, եւ կուսակցության նախագահից եւ խորհրդի նախագահից պահանջել են միջոցներ ձեռք առնել նրան շտաբի պետի պաշտոնից հեռացնելու համար»:


Ատոմ Մարգարյան